ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողների դիմումով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին ՊՎԾ-ից՝ նշելով, որ քննարկում են ու ուսումնասիրում աշխատողների նամակը:
Նշենք, որ ավելի քան մեկ ամիս է՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ներսում անառողջ մթնոլորտ է: Աշխատողները տեւական ժամանակ է՝ փորձում են գործադիրի ուշադրությունը հրավիրել իրենց բարձրացրած խնդիրներին: Նրանք անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ Վիգեն Ավետիսյանը չի հաշտվում աշխատանքային ներկա կազմի հետ եւ իր ենթակաների հետունի լարված հարաբերություններ:
Տեսնելով, որ վարչապետի աշխատակազմից արձագանք չկա, տեսչական մարմնի աշխատողները նոյեմբերի 26-ին դիմել են Պետական վերահսկողական ծառայություն: Ավետիսյանը տեղեկացել է, որ աշխատողներն իր հարցով դիմել են ՊՎԾ, ինչից հետո նա սկսել է է՛լ ավելի լարվել աշխատողների հետ:
Պարզվում է, որ ավելի քան մեկ ամիս է՝ այս կառույցում խռովություններ են, բայց տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդպես էլ փորձ չի անում հանդիպել դժգոհող աշխատողների հետ: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատողների պատմելով` Վիգեն Ավտիսյանն անգամ միջանցքներում իրենց տեսնելիս գլուխը շրջում է այլ կողմ կամ էլ հեռախոսով է սկսում զբաղվել` ցույց տալով, թե, իբր, զբաղված է: Հիմա էլ, պարզվում է, որ տեսչական մարմնի աշխատողներն իրենց աշխատասենյակներում նստում են վերարկուով: Բայց տեսչական մարմնի ներսում, փաստորեն, կան արտոնյալներ, որոն քայս եղանակին իրենց աշխատասենյակներում օգտագործում են օդորակիչներ, իսկմյուսներըչեն կարողանում իրենց աշխատասենյակները ջեռուցելանգամ էլեկտրական սալիկներով, քանի որ էլեկտրաէներգիայի տատանումներ են լինում եւ դրանք անջատվում են, ինչից հետո նրանք ժամերով էլ էներգիա չեն ունենում:
Աշխատողների պատմելով` Ավետիսյանի «ներկայացուցիչները» ողջ օրվա ընթացքում բացում են վարչությունների, բաժինների դռները, որպեսզի արձանագրեն, թե ով ինչով է տաքացնում սենյակը: Նրանց մեծ մասը ստիպված վերարկուով են աշխատում: Իսկ, ահա,Վիգեն Ավետիսյանը, աշխատողների պատմելով,իր աշխատասենյակը, ջեռուցում է օդորակիչով. ձմռանը տաք է, ամռանը` զով: Մյուս կողմից` գրենական պիտույքների խնդիրներ են ունենում այն աշխատողները, որոնք համարձակվել են բարձրաձայնել տեսչական մարմնի ղեկավարի գործելաոճի մասին. երբ գրենական պիտույքներ են պահանջում, ասում են.«Չունենք, կունենանք` կտանք»:
Նկատենք, որ տեսչական մարմնի որակի ապահովման վարչությունը տեւական ժամանակ է, ինչ պահանջում է ներկայացնել եռամսյակի վերաբերյալ համապատասխան նյութեր, որպեսզի իրհերթին կարողանա ստուգել, բայց չեն տրամադրում: Անգամ որակի ապահովման վարչության պետը գրություն է ուղարկել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ եւ տեղեկացրել, որ իրեն չեն տրամադրում իր պահանջած նյութերը, ապա խնդրել է միջոցներ ձեռնարկել կամ համապատասխան ցուցումներ տալ: Ընդ որում, որակի ապահովման վարչությանը ներկայացվել է ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ եռամսյակների մասին տեղեկատվությունը, բայց երրորդ եռամսյակի վերաբերյալ տեղեկությունը չկա, չեն տրամադրում: Օրինակ, որակի ապահովման վարչությունը պահանջում է ներկայացնել ծառայողական քննությունների մասին, ստացած գույքի վերաբերյալ տեղեկություններ, թե ինչպես է բաշխվել, չեն տալիս, մինչդեռ որակի ապահովման վարչության պետըպետք է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին: Փաստորեն, չի կարող ներկայացնել, քանի որ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթին աշխատողները պատմեցին նաեւ, որ բոլոր վարչության պետերն առանձին աշխատասենյակներում են գործունեություն իրականացնում, իսկ որակի ապահովման եւ ռիսկի գնահատման եւ վերլուծությունների վարչության պետերը մի աշխատասենյակում են նստում այն դեպքում, երբ երկու-երեք ազատ սենյակներ կան: «Ինչո՞ւ մյուս վարչության պետերին նոր գույք է տրամադրել, աթոռ, սեղան տվել, երկու վարչության պետերին՝ ոչ: Բոլոր վարչության պետերի անունով գույք է պատվիրվել, որովհետեւ մինչ այդ իրենց նախապես հարցրել են, թե ինչ գույնպետք է պատվիրվի: Բացարձակ իրեն չի հետաքրքրում, թե աշխատողներն ինչ խնդիր ունեն,ինչու են դժգոհում: Գոնե հինգ հոգու հավաքեր, ասեր` եկեք զրուցենք, տեսնենք,հարցնի՝ ումմոտ է սխալը, կարող է մի տեղ ես եմ սխալ, մի տեղ` դուք, ուղղենք մեր սխալները»,- վրդովված նկատեց տեսչական մարմնի աշխատողներից մեկը:
Բայց սա դեռ ամենը չէ:Նկատենք, որ մեկ ամիս առաջ, երբ աշխատողները բարձրաձայնել են տեսչական մարմնի ներսումտիրող անառողջ մթնոլորտի մասին, Ավետիսյանը պարգեւավճարների հարցում նորից յուրային ուոչ յուրային տարբերակն է կիրառել: Իսկ տեսչական մարմնի աշխատողներին մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ «մասնագիտական առումով փողոցներում ստուգումներ անցկացնող աշխատողը քիչ պարգեւավճար ստանա, իսկ մյուսը,որն ամբողջ օրը նստած է, ստանա 150 տոկոսի չափով»: Եւ ամենակարեւորը՝ տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարական է տվել, որպեսզի մեկօրյա ժամկետում աշխատողները գրեն եւ ներկայացնեն տեսչական մարմնի գործունեության միջոցառումների ծրագիր, մինչդեռ դա գրելու համար անհրաժեշտ է մեկ-երկու ամիս:
Աշխատողները դիմել են ղեկավարին, որպեսզի գոնե երկարաձգի տրված մեկօրյա ժամկետը եւ սահմանի երեքօր, ինչին անմիջապես հաջորդել է Ավետիսյանի երկրորդ հանձնարարականը՝ իր սահմանած ժամկետից չշեղվել: Բայց ուշագրավն այն է, որ հանձնարարականն Ավետիսյանըօրեր առաջ է տվել, մինչդեռ դեկտեմբերի 1-ին տեսչական մարմնի գործունեության միջոցառումների ծրագիրն արդեն պետք է լինի պաշտոնական կայքէջում:
Բնականաբար, աշխատողների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ, սակայն ապարդյուն: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Սյունէ Համբարձումյան