Վերջին շրջանում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ, կարծես թե, այլեւս չի լինում: Համենայնդեպս, նախկին ինտենսիվությունը նկատելի չէ: Եվ որքան էլ իշխանությունների կողմից բարձրաձայնվող ՍԴ-ի ճգնաժամի մասին խոսակցությունները դադարել են, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես թե, շարունակում են տեսնել ճգնաժամ Սահմանադրական դատարանում: Մասնավորապես, նախկին զինդատախազ եւ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է, թե այս պահին ՍԴ-ի շուրջ «զինադադար» է, եւ «պատերազմը» կարող է ամեն վայրկյան սկսել: Գագիկ Ջհանգիրյանի այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. ի՞նչ պատերազմի, հետեւաբար նաեւ ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Այնպիսի տպավորություն է, թե կենաց-մահու պայքար է այդ կառույցի համար: Եւ գլխավոր հարցը մնում է հետեւյալը. ո՞ւմ համար է այդքան կարեւոր Սահմանադրական դատարանում փոփոխութուններ անելը՝ Հայ ազգային կոնգրեսի՞, անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ ներկայիս բարձրագույն իշխանության:
Համենայնդեպս, մինչեւ հիմա իշխանությունը համագործակցում է ՍԴ-ի հետ, եւ այդ կառույցն էլ մինչեւ Վահե Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնում ընտրվելը աշխատում էր, որոշումներ էր կայացնում: Բայց հիմա, կարծես թե, լարվածություն է հրահրվում այդ կառույցի շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2014 թվականի գաղտնի փաստաթղթերին վերաբերող հայտարարությունից հետո, եւ որոշները փորձում են ներկայիս իշխանություններին մեղադրել իրականությունից «կտրվելու» մեջ՝ այդպես սեփական մեղքերը չտեսնելու տալով: Եվ երեկ նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, կոչ էին անում հրապարակել դրանք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից ճշտել, թե ինչ տեղեկություններ ունի փաստաթղթի հետ կապված: «Եթե նման հայտարարություն եղել է, միգուցե կասվի նաեւ, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը: Համենայնդեպս, փաստաթղթի տակ պետք է լինի ստորագրություն, չէ՞. եթե նման բան կա, այդ ամենից պարզ կլինի, թե ովքեր են կազմել», – նշեց նա՝ ասելով, թե առաջին անգամ է լսում այդպիսի փաստաթղթի գոյության մասին: Նկատենք, որ ՀՀԿ-ականները շատ լավ հասկանում են, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելը կարող է այլ խնդիրներ առաջացնել, դրա համար սադրում են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած աշխատակիցներն ահազանգեցին, որ ծանր գրաֆիկով են աշխատում եւ դրա դիմաց ստանում են 80 հազար դրամ աշխատավարձ, որով չեն կարողանում ընտանիք պահել: «Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի աշխատակիցների դժգոհության մասին զրուցեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ, որը հաստատեց, որ շատ հրդեհների պատճառով փրկարարներն արտակարգ իրավիճակում են աշխատել: «Ով ավել աշխատել է, նրանց հավելավճար տրվում է: Մենք կառավարության որոշման նախագիծը վերջացնում ենք, որ կարողանամ շարքային անձնակազմի աշխատավարձը բարձրացնեմ: Բացի այդ, ամեն եռամսյակը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրում եմ տալիս: Համակարգը ճկուն է, գնահատվում են բոլոր աշխատողները», – վստահեցրեց նախարարը:
«Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Բանն այն է, որ Դեբեդ գետի մոտակա տարածքից ընկերությունը տարիներ շարունակ խճաքար, ավազ է արդյունահանել եւ իրացրել: Սակայն Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել, բայց փոխարենը շարունակում է հարկեր վճարել եւ նաեւ ավազի հանքավայրի համար նախատեսված պետական վարձավճարը տալ: Ավելին, վերջերս կառավարությանն առընթեր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Պտղավանի հանքավայրի ստուգում են իրականացրել՝ պարզելու, թե որքանով է այդ հանքավայրը խախտում բնապահպանական օրենսդրության պահանջները: Եվ ուշագրավն այն է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներն աշխատակիցներին ստուգման ժամանակ հնարավորություն չեն տվել լինել հանքավայրում եւ տեղում ուսումնասիրություններ կատարել: Բայց տեսչությունը խոստացել է ստուգումների արդյունքում գտած խախտումների մասին արձանագրություն կազմել: Հետաքրքիր է՝ ինչպես կկազմեն առանց ստուգելու:
ՄԻԵԴ-Ը ՕՊԵՐԱՏԻՎ ԿԼԻՆԻ
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկություն տարածեց այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացրած դիմումը, ու այն կքննվի առաջնահերթության կարգով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել էր քննություն չիրականացնել, այլ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով: Այդ գործը ՍԴ-ին էր ուղարկվել Հայաստանի եռաստիճան դատարաններից, որտեղ խուսափեցին վերջնական պատասխանատվություն վերցնել իրենց վրա, քննել մեղադրյալ երկրորդ նախագահի քրգործը: Այնպիսի տպավորություն է, որ իրապես Հայաստանում դեռ չկա ինքնուրույն, անկախ ու կայացած դատական համակարգ, որը կկարողանա որոշում կայացնել ու «տեր կանգնել» իր վճռին: Հատկապես Քոչարյանի գործով մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը: Ու հիմա, ինչպես ասում են, գնդակը գտնվում է ՄԻԵԴ-ի դաշտում:
Մինչ բոլորը քննարկում են, թե Քոչարյանն ամենազոր է եւ կարողանում է հարցեր լուծել անգամ Ստրասբուրգում, եւ նրա գումարներից բաժին են հասնում նաեւ եվրոպական դատարանի դատավորներին, իրականությունը շատ ավելի պարզ է: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսի 19-ին գրել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությունների թիվ 16 արձանագրությունը շրջադարձային է լինելու Հայաստանում այսօր քննվող մի շարք աղմկահարույց գործերի համար: Հիշեցնենք, որ այդ կոնվենցիան ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին` 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ու այնտեղ հստակ ֆիքսված է, որ ՄԻԵԴ-ը այդ փաստաթղթի ստորագրումից հետո պետք է բավականին օպերատիվ արձագանքի խնդիրներին` կապված հատկապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների հետ: Եւ հիմա պարզապես կիրառվում է 2016-ին ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային պարտավորությունը:
Ուզենք, թե չուզենք, այսօր Հայաստանում քննվող մի շարք քրեական գործեր բողոքարկվելու են ՄԻԵԴ-ում, ու պետք է 2016 թվականին ընդունված կոնվենցիայի մասին հիշել ամեն օր ու ամեն անգամ չզարմանալ, թե ինչպես հաջողվեց ՄԻԵԴ-ում «ծանոթ գտնել» ու գործերն առաջ տանել: Հաջորդ խնդիրը թերեւս կլինի Մանվել Գրիգորյանի առողջական հարցով: