ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ, ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, ֆեյսբուքյան իրենց էջերում անդրադառնում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն սենսացիոն հայտարարությանը, որ մոտավորապես 2014 թվականին գաղտնի զեկույց է պատրաստվել, որից ակնհայտ է դառնում, թե պետությունը ինչ կաթվածահար վիճակում է գտնվել:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում այդ փաստաթղթի մասին հայտարարել էր. «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետեւություններ չանել, վերցնել ինձ հետ նաեւ արձակուրդի ընթացքում կարդալու… Երբ որ այս փատաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետեւյալն է` հեղափոխության ժամանակաշրջանում եւ ինչ-որ առումով նաեւ դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարեւոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ` այս փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀԿ-ում խուճապային իրավիճակ է այդ հայտարարությունից հետո, որոշներն էլ փորձում են ներկայիս իշխանություններին մեղադրել իրականությունից կտրվելու մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ` պարզելու համար` արդյոք ՀՀԿ-ականները տեղյակ են, թե ինչ գաղտնի զեկույցի մասին է խոսքը:
-Պարո՛ն Ավետիսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ձեր իշխանությունների ժամանակահատվածում կազմված փաստաթղթի մասին: Դուք տեղյա՞կ եք, որ իրականում նման փաստաթուղթ գոյություն ունի: Ի վերջո, ինչի՞ մասին է այդ զեկույցը:
-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Ես արդեն երեք օր է` հետեւում եմ, որ որեւիցե մի տեղ ասվի, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ու իսկապես անհասկանալի է, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը գնում: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է այդքան երկար տարիներ պետությունը գոյություն ունենար, պետական իշխանություն, պետական ինստիտուտներ, հանկարծ այսօր ասվի, որ մենք ինստիտուցիոնալ առումով պետություն չենք ունեցել: Ինձ համար իսկապես անհասկանալի է:
-Ըստ Նիկոլ Փաշինյանի` երկիրը կաթվածահար վիճակում է գտնվել…
-Ես իսկապես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ ես չեմ կարդացել այդ փաստաթուղթը ու չգիտեմ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Եթե որեւիցե մեկը տեղյակ է, թե ինչ փաստաթղթի մասին է, ով է կազմել զեկույցը, թող հրապարակեն, մենք էլ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը:
-Որպես նախորդ իշխանությունների ներկայացուցիչ` տեղյակ չե՞ք եղել, որ նման զեկույց կա պատրաստված, կամ մասնակցե՞լ եք արդյոք այդ փաստաթղթի կազմմանը:
-Ես` որպես նախորդ իշխանության ներկայացուցիչ եւ պատգամավոր, առաջին անգամ եմ իմանում նմանատիպ փաստաթղթի մասին: Միգուցե հույժ գաղտնի փաստաթուղթ է եղել, որ ընդամենը շատ քիչ թվով մարդիկ են իմացել, բայց ինչ-որ մեկը կարող էր չէ՞ իմանալ դրա մասին, եթե ինչ-որ մեկի օրոք է այն կազմվել կամ ինչ-որ մարդկանց ձեռքով է կազմվել, կարող է՞ չէ այդ մարդկանցից որեւէ մեկը ասել, որ, այո, նման փաստաթուղթ եղել է, մենք ենք կազմել, ու խոսքն էլ վերաբերում է սրան կամ նրան:
-Իսկ կուսակցությունում չե՞ք քննարկել այս հարցը, թե մարդկանց ինչ շրջանակի միջոցով կարող էր նման գաղտնի զեկույց կազմվել:
-Ոչ, նման հարց չենք քննարկել:
-Գուցե Սերժ Սարգսյանն անձամբ տեղյա՞կ է այդ փաստաթղթից. չե՞ք փորձել իրենից ճշտել:
-Չէ, իրենից պետք է հարցնեք այդ ամենը, ես տեղյակ չեմ նման փաստաթղթի մասին: Ես ուղղակի կարծում եմ, որ կաթվածահար երկիր, պետություն չեմ տեսնում ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ երբեւիցե: Պետական ինստիտուտները նորմալ, կայացած ինստիտուտներ են, նորմալ աշխատել են, ուրիշ բան. որ եղել են ինչ-որ թերություններ: Իսկ թերությունները բոլոր ժամանակներում էլ որոշակի տեղեր եղել են, բայց դա չի նշանակում, որ կաթվածահար վիճակում է երկիրը: Շատ կարեւոր է, ու կարծում եմ, որ բոլորի համար է շատ կարեւոր, որ հասկացվի, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ովքեր են կազմել, ու ինչ հիմնավորումներով է եղել այդ ամենը:
-Ըստ Ձեզ` եթե նման փաստաթուղթ գոյություն չունենար, ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես կգա՞ր: Չե՞ք կարծում, որ չիմանալը դեռ չի նշանակում, որ այդպիսի բան չի եղել:
-Ես, չեմ կարող նման բան ասել. եթե նման հայտարարություն եղել է, միգուցե կասվի նաեւ, թե այդ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ով է կազմել փաստաթուղթը: Համենայնդեպս, փաստաթղթի տակ պետք է լինի ստորագրություն, չէ՞: Եթե նման բան կա, այդ ամենից պարզ կլինի, թե ովքեր են կազմել: Ուղղակի անհասկանալի է` եթե նման զեկույց կա, ինչպե՞ս այն ժամանակ չի եղել քննարկում: Ես, համենայնդեպս, առաջին անգամն եմ լսում նման փաստաթղթի մասին:

 

 

 

 

ՀՐԱՄԱՆ ՉԻ ՏՎԵԼ, ՄԵՂԱԴՐԱՆՔ ԷԼ ՉԻ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Երեկ ողջ օրվա ընթացքում ակտիվ քննարկվում էր Բրիտանական BBC-ի հրապարակումը` 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ: Լրատվամիջոցը հրապարակել է տվյալներ, թե ովքեր են սպանել 2008-ի մարտի 1-ի ցուցարարներին:

Ըստ այդ հրապարակման` Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի ժամանակ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ): Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում, որպես առանցքային դերակատարներ, հանդես են գալիս երկու նախկին նախագահներ եւ երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ խոսել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի` Օգանովսկի Սամվելի հետ, սակայն մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այդ փաստաթղթին չի ծանոթացել, եւ իրականում նման բան չի էլ եղել: «Տեղյակ եմ հրապարակման մասին, բայց չեմ ուսումնասիրել: Բա ես ո՞վ եմ, որ հրաման տամ: Է~: Բա ես է՞դ մարդն եմ, որ հրաման տամ կրակել ցուցարարների վրա: Ինձ տեղեկացրել են, որ նման հրապարակում է եղել, բայց ես այս պահին շատ զբաղված եմ` Համահայկական խաղերի հետ կապված: Վերջացնենք, փաստաթուղթը կուսումնասիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը` հորդորելով նման տեղեկությանը չհավատալ. «Մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել եւ օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների կողմից ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին եւ լեգենդար հրամանատարներին»:
Տարակուսելի է այն հանգամանքը, թե ինչու է նման տեղեկություն տարածվում այն դեպքում, երբ «Մարտի 1»-ի գործով Ս. Կարապետյանը հարցաքննվել է, բայց նրան որեւէ մեղադրանք չի առաջադրվել` ի տարբերություն ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Սրանք հարցեր են, որոնք դեռ անպատասխան են մնում:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՍԱՀՄԱՆՎԵՑ ՉԱՓԸ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելու է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով տուժած անձանց աջակցության ձեւի եւ չափի մասին հարցերը: Ըստ այդմ, սահմանվելու է, թե այդ օրերին զոհված քաղաքացիների հարազատները եւ կամ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիները որքան դրամական միջոցներ են ստանալու որպես փոխհատուցում: Հիշեցնենք, որ այս նախագիծը հեղինակել էին ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը եւ սահմանել էին փոխհատուցման ենթակա անձանց շրջանակը, սակայն չափի եւ այլ հարցերը կարգավորելու եւ սահմանելու լիազորությունը վերապահել էին կառավարությանը: Ըստ այդմ, այդ օրերին ստացած վնասվածքի պատճառով մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին որպես փոխհատուցում կտրվի 30 մլն դրամ, առողջության ծանր վնաս կրած անձին՝ 15 մլն դրամ, առողջության միջին ծանրության վնաս կրած անձին՝ 5 մլն դրամ: Ըստ այդմ, սահմանվել են նաեւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել տվյալ օգնությունը ստանալու համար:

 

 

 

ԿՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի եւ կմիացվի «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Ընդ որում, վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցների հաշվին: Որպես հիմնավորում նշվում է, որ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնում ընդգրկված է երեք անսամբլ /«Հայաստանի ազգային նվագարաններ», Գուսանական եւ «Ակունք» համույթները/, որոնց գործառույթները նման են ֆիլհարմոնիայի գործառույթներին: Միացման միջոցով վերակազմակերպումը ուժեղացնում, ավելի արդյունավետ է դարձնում նշված կազմակերպությունների աշխատանքները: Այս երեք համույթները փաստացի չունեն մշտական փորձատեղի, նրանց փորձերը միշտ ձախողման վտանգի տակ են տարբեր պատճառներով: Բացի այդ, յուրաքանչյուր համերգի համար նախարարությունը լրացուցիչ միջոցներ է տրամադրում դահլիճի վարձակալության համար։ Միացման դեպքում այս խնդիրը եւս լուծվում է։ Հավելենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:




Լրահոս