ԽՈՒՄԲ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ՈՉ ՈՔ ՏԵՂՅԱԿ ՉԷ ԴՐԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես եկավ մի անակնկալ հայտարարությամբ` տեղեկացնելով, թե նախատեսվում է 2020 թվականի փետրվարին ձեւավորել հատուկ խումբ սահմանադրական բարեփոխումների նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հայտարարությունը անակնկալ է եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, քանի որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի: Ոչ ոք տեղյակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափ է ունենալու այդ խումբը, արդյոք ընդդիմությունը ներգրավվելու է այդ աշխատանքներին, թե սա արվելու է իշխանությունների կողմից, առանձին աշխատանքային խմբով:

ՀՀ արդարադատության նախարարը իր խոսքում նշել է. «Մենք պատրաստվում ենք ձեւավորել նաեւ հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն` բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում: Ինչ վերաբերում է դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումներից եւ որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի եւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկացության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ` պարզելու համար` արդյոք խորհրդարանում տեղյակ են այդ աշխատանքային խմբի մասին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան
-Պարո՛ն Սիմոնյան, Ձեր խմբակցությունում տեղյա՞կ էին, որ իշխանությունները 2020 թվականի փետրվարին Սահմանդրական բարփոխումների աշխատանքային խումբ են ձեւավորելու Սահմանադրությունը փոխելու նպատակով:
-Տեսեք, Սահմանադրությունում կան դրույթներ, որի մասին մենք վաղուց ասում էինք, որ ենթակա են փոփոխման պառլամենտական կառավարումն ավելի գործուն դարձնելու համար: Այսինքն` այդ տեսանկյունից, եթե հնարավոր լինի փոփոխություններ կատարել, կարելի է օգտվել այդ հնարավորությունից եւ այդ դրույթները բարեփոխել, բայց մենք չենք ստացել որեւէ առաջարկ իշխանություններից այդ խմբում ներգրավվելու, աշխատելու եւ այլն: Եթե առաջիկայում ստանանք նման առաջարկ, նոր կմտածենք ու արդեն մեր դիրքորոշումը կհայտնենք այդ աշխատանքների վերաբերյալ:
-Այսինքն` տեղյակ չե՞ք եղել, որ իշխանությունը նման մտադրություն ունի:
-Տեղյակ ենք այնքանով, որքանով, որ Դուք: Իշխանության ներկայացուցիչները խոսում են Սահմանադրական բարեփոխումներից, բայց երբ որ գալիս է գործնական քայլերի ժամանակը, ինչ-որ խոսքն ու գործը անհամապատասխանելիություն ունի: Մենք չենք հասկանում պատճառները, դրա համար մինչեւ մենք գործնական քայլեր չտեսնենք, դրա համար չենք ուզում արված հայտարարություններին արձագանքել:
-Տեսակետ կա, որ եթե ամեն իշխանություն, ստաձնելով երկրի ղեկավարումը, որոշի փոխել ՀՀ Սահմանադրությունը, անլուրջ իրավիճակ կլինի երկրում: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դա, անկեղծ ասած, օբյեկտիվ մտավախություն է, ես էլ այդ մտավախությունը ունեմ, դրա համար եթե այս իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան փոխել, դրանում պետք է ներգրավված լինեն որքան հնարավոր է շատ հասարակական ներկայացուցիչներ, քաղաքական ներկայացուցիչներ, որպեսզի մենք օբյեկտիվ փոփոխություններ ստանանք, ի վերջո այնպիսի փոփոխություններ կատարենք, որ երկարաժամկետ կտրվածքով ստիպված չլինենք նորից փոխենք: Այլապես եթե այսօրվա իշխանությունն էլ իր հավեսով, իր մտադրությամբ փոփոխությունը կատարի, հաջորդ իշխանությունը եւս պետք է կատարի եւ այլն: Իսկ Սահմանադրության կայունությունը մնալու է այսպես:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանություններին մեղադրում էր Սահմանդարությունն իրենց «հագով կարելու» համար…
-Այո, այդ մտավախությունը կա. որպեսզի փարատվի այդ մտավախությունը, այսօրվա քաղաքական իշխանությունը պետք է մենաշնորհ չունենա այդ փոփոխությունները կատարելու, եւ այն խումբը, որը ձեւավորվելու է, այն անձինք, որոնք պետք է ներգրավվեն, պետք է հասարակական լայն շրջանակ ներկայացնեն: Մենք պետք է ստանանք հասրակական, համերաշխության բարձր մակարդակի փաստաթուղթ, որ, ի վերջո, որոշվի փոփոխություններ կատարելու հարցը: Թե չէ 5-10 տարին մեկ այդ խնդիրը կառաջանա:
-Նշվում է, որ նոր իշխանությունները փոխելու են կառավարման մոդելը` այն կրկին դարձնելով նախագահական: Դուք նման տեղեկություն ունե՞ք:
-Չէ, նման տեղեկություն չունեմ, պետք է տեսնենք` ինչ են առաջարկում, կարծիք կասենք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան


-Պարո՛ն Վարդանյան, ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու: Դուք տեղյա՞կ եք այդ ամենի մասին:
-Անկեղծ ասած, վատառողջ եմ այս պահին, տեղեկություն չունեմ` նախարարի հայտարարության հետ կապված: Ես բավականին երկար ժամանակ է` արձակուրդում եմ, երկու օր գտնվել եմ Արցախի Հանրապետությունում: Նախարարի հայտարարությանը չեմ հետեւել, որպեսզի Ձեր հարցին պատասխանեմ:
-Գուցե ԱԺ-ում արդեն աշխատանքային խո՞ւմբ է ձեւավորվել:
-Ես հայտարարությունը չեմ տեսել, անկեղծ ասած, չեմ հետեւել, չեմ կարող մեկնաբանել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՉԵՆ ԱՆԻ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Երեկ հայրենի կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով հաստատվեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը եւ այդ դիմումի քննարկման կարգը:

Նախագծով սահմանվել է, որ տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, աջակցության տրամադրման համար դիմումը նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
Ըստ նախագծի` լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը բավարարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած, վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին: Որպես աջակցության ձեւ` սահմանվում է դրամական օգնությունը` հետեւյալ չափերով` ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին` 30.000.000 ՀՀ դրամ, առողջության ծանր վնաս կրած անձին` 15.000.000 ՀՀ դրամ, առողջության միջին ծանրության վնաս կրած անձին` 5.000.000 ՀՀ դրամ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հոր` Սարգիս Քլոյանի հետ, վերջինս ասաց. «Ես խնդրել եմ կառավարությանը, որ գումարային մասով հանկարծ մեզ հետ չխոսեն, մենք ունենք փաստաբան, իր հետ խոսեք այդ գումարայինի մասին: Մենք չենք եկել գումարի մասին բազառ անելու, մեզ հետաքրքրում է սպանությունների բացահայտումը, իսկ եթե ցանկանում եք աջակցություն, դա Ձեր իրավունքն է, ինչ կա, մեր փաստաբանների հետ բանակցեք»:
Սարգիս Քլոյանը նաեւ հավելեց. «11 տարվա մեջ մենք որեւէ փոխհատուցում չենք ստացել, սա այլ բան է, բայց սխալ կլինի, որ մենք ասենք` շնորհակալ ենք. մեզ սպանությունն է հարկավոր, որպեսզի բացահայտեն: Իսկ մեր իրավաբաններն ամեն ինչ անում են բացահայտման համար. կարեւոր է, որ Քոչարյանը նստած է, վտանգավոր բոբոն նստած է, ու արդեն բավականին տեղաշարժ կա գործում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու աշխատանքները լայն թափով ընթանում են: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բազմիցս եւ վաղուց, սակայն նախապատրաստական աշխատանքների սկիզբը դրվեց միայն կառավարության նախորդ շաբաթվա նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն` Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով պետք է ստեղծվի աշխատանքային խումբ: Նույն որոշմամբ վարչապետը հաստատել է դրա կազմը: Եվ նշենք, որ աշխատանքային խմբի ղեկավարը յուրաքանչյուր շաբաթ վարչապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ: Մենք տեղեկացանք, որ աշխատանքային խմբի ղեկավարը Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանն է, եւ կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ՊԵԿ-ից, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, ինչպես նաեւ մասնագետներ հենց Շիրակի մարզից:

 

 

 

ԱՂՄԿԱԼԻ ԳԱՂՏՆԱԼՍՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այսպիսով, առաջիկայում կլրանա վերոնշյալ քրեական գործի մեկ տարին, սակայն գործով դեռեւս չկան կասկածյալներ, մեղադրյալներ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները միայն վարկած ունեն, որ ՀՀ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից: Ու լուրեր կան, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է:




Լրահոս