777 ԿԱԼԱՆՔ, 2502 ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված ռեժիմով աշխատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել: Արդյունքում 280-ը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում:
2019 թվականի 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները եղել են 626-ը:
Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 495, որից 413-ը մերժվել է եւ միայն բավարավել է 72-ը:
Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ դատարան է բողաքարկվել ընդամենը 20-ը:
Հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92 միջնորդություն , որից 5-ը մերժվել է, իսկ, ահա, 86-ը բավարարվել է:
Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել 2757 միջնորդություն, որից 44-ը մերժվել է, եւ դատարանի կողմից բավարարվել է 2652-ը: Հետաքննության մարմնի աշխատողի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անoրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ բողոքների մասով միջորդությունները եղել են 712-ը, որից մերժվել է 442-ը եւ բավարարվել է 103-ը:
Նամակագրության հեռագրային փոստային հաղորդումների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին միջնորդությունները եղել են 402-ը, որից մերժվել է 6-ը եւ բավարավել է 394-ը:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չուներ:
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից խուզարկություն կատարելու մասին ստացել էին 5201 միջնորդություն, նշված միջնորդություններից բավարարվել է 4832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 2018 թվականի հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 5195-ը, որից 57 մերժվել են, 5034 բավարարվել են:
Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 893-ը, որից 713-ը մերժվել են, իսկ 173-ը` բավարարվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր: Հիշեցնենք, որ ՇՄ դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու եւ շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսեւորելու պատճառով: Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է: Իրականացված խուզարկության արդյունքներով եւս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործընթացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման եւ օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին:

 

 

 

ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Գործարար «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը` Ռոբերտ Մանուկյանը, կալանավորվել է: Նշենք, որ Ռ. Մանուկյանը ձերբակալվել էր անցած շաբավթա վերջին` Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու` կասկածանքով («հանցակցություն արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելուն»): Օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել էին Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Պայթյունից ժամեր անց Մելիք Մանուկյանի թիկնապահը նրա եղբոր ուղեկցությամբ, առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության նստել էր իրեղեն ապացույց հանդիսացող «Ռենջ Ռովեր» մեքենան եւ հեռացել ոստիկանների կողմից արգելափակված տարածքից: Պայթյունի վայրից «Ռենջ Ռովեր»-ը փախցրած անձը երեքշաբթի օրը արդեն կալանավորված էր:

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Հուլիսի 17-ին Իջեւան քաղաքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքերով հարուցված քրգործը դեռ երկար զարգացումներ կունենա: Ինչպես հայտնի է, այդ օրը մի խումբ անձինք ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման մասով դժգոհություններ արտահայտելու նպատակով փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: Բողոք ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության հորդորներին եւ ոստիկանների նկատմամբ գործադրել էին ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ վտանգավոր բռնություն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Եվ, ահա, Իջեւանի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանապետը Տավուշի մարզում լուրջ կադրային ջարդ է սկսել: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչյա Ավետիսյանը օգոստոսի 7-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Արմավիրի մարզպետարանի: Վերջինս իր հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի մարզպետարանին վճարել իր` 2016 թվականի դեկտեմբերի 9-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածի համար հասանելիք աշխատավարձը: Ստացվում է, որ մարզպետարանի աշխատակիցները նախկին իշանությունների կողմից չվճարված աշխատավարձերը պահանջում են ներկայիս մարզպետից: Ինչով կավարտվի այս վեճը` ցույց կտա ժամանակը:

 

 

 

ՄՈՏ 4 ՄԼՆ
Կառավարությունը պահուստային ֆոնդից 4 միլիոն 320 հազար դրամ կհատկացնի «Վետերանների միավորում» հկ-ին` 30 վետերանների հանգստարանային անվճար ուղեգիր տրամադրելու համար: «Նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի եւ առողջության վերականգնման անհրաժեշտությունից»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարել է հիմնական զեկուցող, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Կառավարությունը միաձայն ընդունել է նախագիծը:




Լրահոս