Այսօր` օգոստոսի 9-ին, կմեկնարկի ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջնությունը: Մինչ գլխավոր առաջնություններից մեկի մեկնարկը, Անգլիայում փակվեց տրանսֆերային պատուհանը, ինչի պատճառով անգլիական ակումբները այս ամռան ընթացքում այլեւս չեն կարող կատարել ձեռքբերումներ, սակայն կորուստներ ունենալ կարող են: Ամառային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ ունեցան անգլիական գլխավոր ակումբները, սակայն գլխավոր ֆավորիտներից «Լիվերպուլը» ձեռնպահ մնաց եւ միայն աշխատեց Չեմպիոնների Լիգայում հաղթած կազմը պահելու համար:
«Կարմիրների» գլխավոր մրցակից «Մանչեստեր Սիթին» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է՛լ ավելի հզորացրեց իրենց կազմը` գնելով Ռոդրիգոյին «Ատլետիկո Մադրիդից», եւ Ժոաու Կանսելուին՝ Թուրինի «Յուվենտուսից»: Այս մրցաշրջանը Անգլիայում սպասվածից թեժ է լինելու, որորվհետեւ կարծես «Կոլիզեյ» է վերադառնում նաեւ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումը` «Մանչեստեր Յունայթեդը»: «Մանկունյանցիները» այս ամառ հզորացրին իրենց պաշտպանությունը եւ սահմանեցին նաեւ ֆուտբոլի պատմության ռեկորդ` գնելով «Լեսթեր Սիթիի» անգլիացի կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերին 88 մլն եվրոյով: Պաշտպանը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը` գերազանցելով մերսիսայդյան «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ռեկորդը: Վիրջիլը կարողացավ «հետ վերադարձնել» իր համար վճարված գումարները, իսկ արդյոք Մագուայերը կկարողանա՞ խաղալ այնպիսի ֆուտբոլ, որը մոռացնել կտա նրա տրանսֆերային արժեքը: Մրցաշրջանի մեկնարկից ժամեր առաջ բոլորը առաջնության գլխավոր ֆավորիտ համարում են Պեպ Գվարդիոլայի «Մանչեստեր Սիթիին»:
Հիշելով Պեպ Գվարդիոլային եւ հիշելով նրա մարզչական փիլիսոփայությունն ու ֆուտբոլիստներ գտնելու «անմարդկային տաղանդը»` պետք է համաձայնել այդ «բոլորի» հետ. «Մանչեստեր Սիթին» ֆավորիտ է միանշանակ, բայց չէ՞ որ «Լիվերպուլը» երբեք չի ճաշակել Անգլիայի Պրեմիեր Լիգայի քաղցր հաղթանակը, եւ այս մցաշրջանում նրանք ամեն ինչ կանեն սասանված հեղինակությունը վերականգնելու համար, եւ, հավատացեք, «Լիվերը» նույնիսկ Չեմպիոնների Լիգան կրկին հաղթելու դեպքում մրցաշրջանը հաջողված համարել չի կարող. վստահաբար, Պրեմիեր Լիգայում հաղթելը նրանց համար ավելի կարեւոր է:
Յուրգեն Կլոպը կարծես ցանկանում է անցնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի անցած ճանապարհով. մերսիսայդյան ակումբի «գերակտիվությունը» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում փաստում է հենց դա: Զիդանը կարողացավ պատմական նվաճման հասնել մադրիդյան գրանդի հետ` 3 մրցաշրջանում նվաճելով բազում տիտղոսներ, այդ թվում` 3 անգամ Չեմպիոնների Լիգան: Կլոպը ցանկանում է եւ կփորձի, բայց թե ինչքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Միանշանակ «Լիվերպուլը» հզոր է, բայց համեմատականներ տանելով Զիդանի «Ռեալի» հետ` չի կարելի ասել, որ նրանք էլ կարող են 3 տարի շարունակ մնալ «ֆուտբոլային Ջոմոլունգմայի» գագաթին: Նրանք նույնպես ծարավ են հաղթանակների, ինչպես «Ռեալը», նրանք նույնպես Չեմպիոնների Լիգան հաղթելուց հետո չկատարեցին նշանակալի ձեռքբերումներ, ինչպես «Ռեալը», բայց նրանք խաղում են Պրեմիեր Լիգայում, որտեղ այնքան բարդ է դասավորված ամեն ինչ, որ բառիս բուն իմաստով պետք է ունենալ երկու ուժեղ թիմ պայքար մղելու համար, իսկ Չեմպոինների Լիգայում, չնայած նրանց հաղթանակին, պետք է փաստել, որ այդ չեմպիոնությունը եղավ տարբեր հանգամանքների շնորհիվ: Իրականում այսպիսի «Լիվերպուլին» շրջանցելը այդքան էլ բարդ չէ, որը շատ անգամներ ցույց է տվել հենց «Մանչեստեր Սիթին», որը «կարմիրներին» հաղթեց նաեւ օրեր առաջ Անգլիայի Սուպերգավաթի շրջանակներում:
Որքան էլ որ այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտները երկուսն են, հարկավոր չէ մոռանալ Էմերիի «Արսենալին», Պոչետինոյի «Տոտենհեմին» եւ Լեմպարդի «Չելսիին»: Նրանք առաջին հայացքից այս մրցաշրջանում չեմպիոնեության համար պայքար մղել չեն կարող, բայց երազանքներին հավատացող «Լեսթերը» արդեն կոտրել է յուրաքանչյուր անհնարին թվացող կարծրատիպ, եւ նույնիսկ ՖԻՖԱ-ի որոշմամբ տրանսֆերներից զրկված, առանց Էդեն Ազար մնացած եւ նոր մարզչով մրցաշրջանը սկսող «Չելսիի»` չեմպիոն դառնալու դեպքում զարմանալ հարկավոր չէ: Անգլիական միջին կարգի «Լեսթեր Սիթիի» չեմպիոնությունից հետո հանցագործություն կլինի զարմանալ «նորին մեծություն» ֆուտբոլի մատուցած անակնկալների վրա:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանը խոստանում է լինել սպասվածից ավելի թեժ եւ ավելի անկանխատեսելի:
Պրեմիեր Լիգան կմեկնարկի այսօր` Երեւանի ժամանակով 23:00-ին, «Լիվերպուլ»-«Նորվիչ Սիթի» խաղով:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով` այս տարի, նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում»,- գրել է Ն. Փաշինյանը:
ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
«Կարմիր բլուր» գերեզմանատանը շիրիմները պղծելու կասկածանքով քաղաքացի է բերման ենթարկվել: Ըստ ոստիկանության՝ քաղաքացին այն նույն կինն է, որը ոստիկանություն բերման էր ենթարկվել Եռաբլուր զինվորական պանթեոնում եւ այլ հանրային գերեզմանատներում շիրիմները պղծելու կասկածանքով: