ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի թափանցող կտրած-ծակած վնասվածք, լյարդի միջանցիկ վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձորի քաղաքի 1996թ. ծնված երիտասարդ:
Նույն ժամանակ «որովայնի երկու ծակած-կտրած չթափանցող» վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է ընդունվել նաև երիտասարդի հայրը՝ ծնված 1969թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հոր և որդու հագին եղած հագուստները: Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վանաձոր քաղաքի 1996թ. ծնված երիտասարդը, իրեն հայհոյելու համար, դանակով
հարվածել է հասակակցին և վերջինիս հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 01:50-ին, մեղայականով ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի՝ 1996 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: