«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Սեւ ուրբաթը մեծ զեղչերի օր է, որը սկզբնավորվել է ԱՄՆ-ում, եւ որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Սակայն հայաստանյան Սեւ ուրբաթը տարբերվում էր արտասահմանյան այդ ակցիայից: Գաղտնիք չէ, որ սպառողներին մոլորեցնելու հերթական ձեւերից մեկն էլ այն է, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ բարձրացնում են, հետո կրկին զեղչում: Սեւ ուրբաթին մարդիկ ակնկալել են տեսնել աննախադեպ զեղչեր, սակայն հիասթափված հեռացել են խանութներից: Ի դեպ, մի քիչ ուշադիր լինելու դեպքում հնարավոր էր տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան Սեւ ուրբաթի շրջանում: Մեզ մոտ ակտիվորեն գովազդում են 70-80 տոկոս զեղչերի մասին, բայց իրականությունն այլ է. գինն ուղղակի արհեստական բարձրացնում են, ապա չնչին տարբերությամբ իջեցնում:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ դժգոհություններ է ստացել: Մեզ դիմած քաղաքացու պատմելով` ինքը Սեւ ուրբաթին փորձել է զեղչված գնով ձեռք բերել օդորակիչ, սակայն երկար փնտրելուց հետո, ի վերջո, այն գնել է չզեղչված գնով` չնայած այն բանին, որ նախապես հայտարարվել է 30-60 տոկոս զեղչի մասին: ««Վի Էլ Վի» էլեկտրոնիկայի խանութ գնացի օդորակիչ գնելու համար՝ հույս ունենալով, որ այն էժան՝ զեղչված գնով ձեռք կբերեմ: Հիասթափվեցի, քանի որ խանութում օդորակիչը (ի դեպ առիթից օգտվելով` տնտեսվարողներն այն ամռան եւ ձմռան ամիսներին թանկացնում են, քանի որ պահանջարկը մեծանում է հենց այս շրջաններում) նախապես գովազդված չափով չէր զեղչվել: Այնտեղ տեսա այն տեսականին, որը նախկինում էլ էր դրված: Հիմա գները հստակ չեմ հիշում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ առանձնապես փոփոխություն չէր եղել: Իրենց գովազդած 30-60 տոկոս զեղչը չկար: Քայլերս ուղղեցի «Վեգա», բայց նույն հիասթափությունը ինձ սպասում էր նաեւ այնտեղ, որովհետեւ օդորակիչների գներն այստեղ էլ աննշան էին փոխվել. ուղղակի հին գին էին գրել, ջնջել (խաչ քաշել վրան), ապա ներքեւում չնչին տարբերությամբ ցածր գին էին գրել, իբր մեծ զեղչ են արել»,- պատմեց քաղաքացին: Ապա լրացրեց, որ «Վեգա»-ից հետո մոտեցել է «Արայ». այստեղ եւս նույն իրավիճակն է եղել: Ի վերջո, քաղաքացին` հոգնած եւ հիասթափված, գնացել է մեկ այլ էլեկտրոնիկայի խանութ եւ գնել չզեղչված օդորակիչ: Արձանագրենք, որ բարձր թվացող զեղչերի մասին հայտարարություններից սպառողները հայտնվում են մեկ այլ ծուղակում, երբ ցուցափեղկն ավելի ուշադիր նայելուց հետո նկատում են «մինչեւ» բառը: Այն, որ խանութի ցուցափեղկին առկա է մինչեւ 70 կամ 60 տոկոս զեղչ գրությունը, դեռ չի նշանակում, որ ձեր բոլոր պահանջներն ու ցանկությունները կբավարարվեն: Իսկ եթե 70 տոկոս զեղչ գտնեք, ապա միայն շատ հին ապրանքի համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։