ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին:
Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը:
Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի անկյունում ու չէր նվագում:
Ու մի դրվագում եկավ բեմի կենտրոն, մի կտոր նվագեց ու կրկին քաշվեց բեմի անկյունը:
– Ինքն էլ եկավ իր պատմությունը պատմեց ու գնաց,- դրվագը մեկնաբանեց Հյուսնունցը:
Տեսնելով իմ տարակուսած հայացքը, Հյուսնունցը սկսեց բացատրել, թե ինչ է կատարվում բեմում:
Ըստ նրա՝ դա զրույց է, խոսակցություն: Երաժիշտներից յուրաքանչյուրը իր լեզվով (գործիքով) պատմությունն է պատմում, կամ արձագանքում մյուսի պատմած պատմությանը, հարցեր տալիս, պատասխաններ ստանում, զարմանում, ուրախանում, տխրում, ջղայնանում այդ պատասխանների վրա, կամ անտարբեր մնում:
Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին: Ու այդ օրվանից՝ հիմնականում ավտոմեքենայի կամ ինքնաթիռի մեջ լսում եմ ինձ ծանոթ եւ անծանոթ ջազ ստեղծագործություններ եւ իմանում բազմաթիվ, բազմաթիվ հետաքրքիր, հուզիչ, զարմանալի պատմություններ:
Շնորհակալ եմ Մաեստրո:)»: