Նիկոլ Փաշինյանին վտա՞նգ է սպառնում․ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմն օրըստօրե ավելանում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանից` մասնավորապես, հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է, եւ նրանց թիվն օրըստօրե ավելանում է: Դատելով այս փոփոխություններից` արդյոք վարչապետին որեւէ վտանգ է սպառնում եւ, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի: Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գ. Մովսիսյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից` այստեղ անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»,- ասել է Գ.Մովսիսյանը»:

Մանարամսները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս