Ինչպես հայտնի է, նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սկանդալային ընթացք ունեցավ: Եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Ատա Աբդուլաեւը:
Վարչապետ Փաշինյանի թույլտվությամբ նա հնչեցրեց իր հարցը` նախաբանով, թե` ամբողջ աշխարհը «ճանաչել է ադրբեջանցիների ցեղասպանությունը Հայաստանի կողմից», ապա հորդորեց դադարեցնել պատերազմն ու «ազատել իրենց հայրենիքը»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում ստանալու համար դիմեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանին եւ կոնկրետ հարցադրումներ արեց:
1.Ձեզ համար անակնկա՞լ էր, որ Ատա Աբդուլաեւը մտել էր եկեղեցի:
2. Եթե անակնկալ էր, ապա ինչպե՞ս պաշտպանվել նման իրավիճակներից:
3. Եթե անակնկալ չէր, ի՞նչ եք արել, երբ իմացել եք, որ վերջինս ադրբեջանցի է, որպեսզի վնասազերծեք, եւ կանխվի նրա մուտքը:
4.Ադրբեջանցու մուտքը եկեղեցի աշխատակիցներից ո՞ւմ թերացումն եք համարում:
5.Այս դեպքից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ զրույց եք ունեցել:
6.Հնարավո՞ր է այս դեպքից հետո Դուք էլ անակնկալ հրաժեշտ տաք Ձեր պաշտոնին, ինչպես դա արեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը:
7.Ի՞նչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքեր չեն կրկնվի:
8.Անվտանգության ի՞նչ միջոցառումներ եք նախաձեռնել դեպքից հետո:
9.Վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխված է,ինչո՞վ է դա պայմանավորված:
10.Անվտանգության անդամների թիվն օրըստօրե մեծանում է, այս հանգամանքն ինչո՞վ է պայմանավորված:
11. Արդյոք վարչապետին որեւէ վտա՞նգ է սպառնում, որ փոփոխվել է անվտանգության անդամների կազմը, եւ նրանց թիվն էլ ավելացել է:
12.Ի վերջո, տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունն այն կարծիքին է, որ ադրբեջանցու մուտքը եկեղեցի Ազգային անվտանգության ծառայության եւ պետական պահպանության ծառայության աշխատակիցների աշխատանքի թերացման հետեւանքն է:
Ի՞նչ կասեք այս մասին:
Ի պատասխան մեր բազմաթիվ հարցադրումների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանը հայտնել է.««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն`Պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, ուստի նույն օրենքի համաձայն` դասվում է պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք:Ելնելով վերոգրյալից`Ձեր կողմից բարձրացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ:
Միաժամանակ հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում էօրենքով իրեն վերապահված գործառույթները`մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»:
Քնար Մանուկյան