ԿԵՆՏՐՈՆԻ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՊԵՏԵՐՆ ՈՒ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքը: Սակայն նախաքննական մարմինը չէր հայտնել ամենագլխավորի մասին, թե ովքեր են պատվիրատուները: «Ժողովուրդ» օրաթերթին «օրենքով գողի» սպանության պատվիրատուների մասին մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպիսով, օգոստոս 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ պարզվել է` Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ:
Վերջինս 2019թ. հունիսի 25-ին ՌԴ-ից ժամանել է Հայաստան եւ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում ապօրինի ձեռք բերված հրազենի` ատրճանակի գործադրմամբ կրակոցներ արձակելով, սպանել է Անդրանիկ Հարությունյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում Հարությունյանի սպանությունը կազմակերպելու հարցում նրան օժանդակել է Երեւան քաղաքի 50-ամյա տղամարդ, որը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ:
Ինչպես հայտնի է, դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ է խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: 2 հոգին անմիջապես փախնում են, իսկ մյուս երկուսը, որոնցից մեկը հենց Անդրանիկ Հարությունյան է, ըստ ամենայնի, մտնում են բակի տաղավարի սեղանի տակ: Տեսանյութում նկատվում է, որ Անդրանիկ Հարությունյանի վրա կրակող անձը նրա հետ խոսում է եւ, ըստ էության, ինչ-որ պահանջներ է ներկայացնում, որից հետո Անդրանիկ Հարությունյանի եւ նրա վրա զենքով հարձակվող անձի միջեւ սկսվում է կռիվ: Երրորդ անձն այդ ընթացքում հասցնում է սեղանի տակից փախչել: Վազում է նաեւ Անդրանիկ Հարությունյանը, որպեսզի հեռանա իր վրա մի անգամ արդեն անհաջող կրակած անձից, սակայն կրակոցներից փախչելու փորձերը ապարդյուն են լինում: Ի վերջո, հանցագործին հաջողվում է սպանել Ադրանիկ Հարությունյանին: Ընդ որում` սպանողը բաց դեմքով էր:
Դատելով իրավիճակից` նախաքննական մարմինը հայտնել էր, թե պարզվել է` ով է կրակոցներ արձակել կամ ով է եղել «քիլլերը», որը ՌԴ-ից եկել է եւ սպանել է «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին: Ավելին` հայտնել էր, թե ով է օգնել նրան հասնել նպատակին, սակայն նախաքննական մարմինը ըստ էության չէր գաղտնազերծել ամենակարեւորը, թե ով է եղել պատվիրատուն կամ պատվիրատուները, եւ, ի վերջո, ում է ձեռնտու եղել սպանել Անդրանիկ Հարությունյանին:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին սպանության պատվիրատուներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 19-ին գրել էինք, որ իրավապահները սպանության մի վարկած են քննում, մասնավորապես այն, որ այս տարի Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ խառնվելով երկու խմբերի բաժանված երիտասարդների կռվին` «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»:
Մոտ երկու ամիս իրավապահների կողմից տարվող քննությամբ, ինչպես նաեւ ձեռք բերված տեղեկությունների եւ ապացույցների հիման վրա` իրավապահները հանգել են եզրակացության, որ հենց այս դեպքն էլ եղել է պատճառ, որ Անդրանիկ Հարությունյանին սպանեն: Մասնավորապես, Մասիվի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ առաջացած տարաձայնության ժամանակ, երբ մասիվցիները խնդրել են` իրենց օգնության հասնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, վերջինս Կենտրոնի երկրապահ կամավորական միության նախկին պետերից երկու հոգու ապտակել է: Հիմա, պարզվում է, նախկին ԵԿՄ անդամները ապտակը կուլ չեն տվել եւ որոշել են պատասխան հարձակմամբ հարցերը լուծել: Եւ, ըստ նախնական վարկածի, նրանք էլ կազմակերպել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը:
Նկատենք, որ իրավապահները պատվիրատուների անունները եւ գործողությունների մասին բավարար տեղեկություններ ունեն, սակայն դեռեւս կոնկրետ քայլերի չեն դիմում՝ սպասելով գործով ձերբակալված 50-ամյա օժանդակողի ցուցմունքին: Ըստ էության, վերջինիս ցուցմունքից շատ բան է կախված, որպեսզի սպանության պատվիատուներին սկսեն հերթով ձերբակալել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` սպանությանն օժանդակող 50-ամյա տղամարդը ցուցմունք չի տալիս, իսկ, ահա, ՌԴ Գրոզնի շրջանի 32-ամյա բնակիչը, որը սպանել է Անդրանիկ Հարությունյանին, հետախուզվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԱ
Օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին, Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ էր բռնկվել: Հրդեհի բարդությունը այն աստիճանի էր, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ:
Օգոստոսի 25-ին` ժամը 05:24-ին, «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Հրդեհի հետեւանքով 7 անձինք տուժել էին, որոնք տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ եւ «Արմենիա» ՀԲԿ եւ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս էին գրվել:
Հրդեհի հետեւանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ եւ լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա եւ կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) եւ 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք: Նշենք, որ տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը վարձակալությամբ տարածքը հանձնել է նշված ընկերությանը:
Ի՞նչը կարող էր այս աստիճան բարդությունով հրդեհի պատճառ դառնալ, ի՞նչ վարկած են քննում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
-Պարո՛ն Ցոլակյան, «Մալաթիա մոլ»-ի հրդեհը բավականին շատ հարցեր է առաջ քաշել, թե ինչից կարող էր այդ աստիճան բարդության հրդեհ բռնկվել: Որպես արտակարգ իրավիճակների նախարար` ի՞նչ վարկած ունեք Դուք:
-Հիմա մենք վարչությունում հետաքննություն ենք իրականացնում, հետաքննության վարչությունը պետք է ներս մտնի, փորձագետների խումբ է ստեղծված, նրանք պետք է ներս մտնեն, որ ամեն ինչ նայեն: Առանց այդ ամենի մենք ոչ մի եզրակացություն չենք կարող տալ: Բայց գնացել են այնտեղ, այդ հատվածներում ջերմությունը շատ է, եւ չեն կարողանում մտնել: Հիմա ջերմությունը կպակասի, կմտնեն, կնայեն, որից հետո եզրակացություն կտան եւ այն կտրամադրեն ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի քրեական գործ հարուցի եւ այլն, եւ այլն:
-Այսինքն` այս պահի դրությամբ դեռեւս կատարվածի մասով որեւէ նախնական վարկած չունե՞ք:
-Նախնական վարկած դեռ չունենք, օրինակ` Ծիծեռնակաբերդի հրդեհին վարկած ունենք, մեկը սալյուտ էր արել, արդյունքում հրդեհ էր բռնկվել: Տեղեր կան, որտեղ նախնական վարկած ունենք, բայց այստեղ չունենք, եւ հիմա հետաքննությունը ոստիկանության, դատախազության հետ աշխատում է:
-Ըստ Ձեզ` պատահականությա՞ն արդյունքում կարող էր նման հրդեհ լինել, թե՞ մարդկային գործոնի հետեւանք է սա:
-Ես ուրիշ բաների հետ չեմ էլ կապում, ես միշտ մարդկային գործոնն եմ առաջին պլան մղում, մարդը մի սխալ է արել, անզգուշություն կա, հազար ու մի բան կա, սարքի հետ սխալ աշխատելը կարող է հանգեցնել նման բանի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՐՑԸ` ՎՃՌԱԲԵԿՈՒՄ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման գործով կալանավորներից մեկի հարցը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպանը դիմում է բոլոր ատյաններ, որպեսզի նրա խափանման միջոց կալանավորումը փոխի, եւ դատարանը նրա դիմումները մերժում է, եւ հիմա գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Սակայն դատելով, թե ում տան վրա է եղել ավազակային հարձակումը` պարզ է դառնում, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանը: Իրավապահներին չի հաջողվել գործը մինչեւ վերջ բացահայտել. դեռեւս հայտնի չէ, թե ով է եղել վարորդը, որը ավազակային հարձակում իրականացնողներին հասցրել է դեպքի վայր: Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 28-ին նրանք «BMW X5» մակնիշի մեքենայով գնացել են Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն:

 

 

 

ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ
Երեկ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի է ենթարկել 11-ամյա աղջկան: Նրան տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետեւ տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով` Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել են Վանաձորի ԲԿ եւ տեղում կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան տեղափոխվել է Երեւան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ:

 

 

 

ԻՆՔՆԱԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Նախօրեին ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ նույն օրը` ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում վիճաբանություն ժամանակ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը` պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց: Նա նաեւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Հիվանդանոց տեղափոխվածը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ԶՆՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարների զննումն ավարտվել է: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի փոխանցմամբ` Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից: Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ մոտ 200 տոննա դեղձով բեռնված իր բեռնատարները արդեն 2 օր է, ինչ կանգնած են Վերին Լարսի անցակետում:




Լրահոս