«ԻՆՔՍ ԻՆՁ ՆԵՏՈՒՄ ԵՄ ԱՆԴՈՒՆԴԸ, ՀԵՏՈ՝ ՀԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նա անդրադարձել է այս ամառվա ձեռքբերումներին, հուսահատության պահերը հաղթահարելու իր մեթոդին, կին-տղամարդ հարաբերություններին եւ խոստովանել, որ չի պատկերացնում կյանքն առանց խենթությունների:

-Լուիզա՛, ի՞նչ տվեց Ձեզ այս ամառը:
-Նոր գաղափարներով տարվելու հնարավորություն:
-Ինչպե՞ս եք մտադիր սկսել սեպտեմբերը, ի՞նչ նախատրամադրվածություն ունեք:
-Սեպտեմբերը մտադիր եմ սկսել «զինված», ուղեղով հանգստացած ու մարտական:
-Կա՞ մի բան, որը կարող է հետ պահել Ձեզ Ձեր նպատակից:
-Այո, մարդկային գործոնը: Նպատակիս իրականացման ճանապարհին ոչ ոքի չպետք է վնասեմ:
-Վախենում եք…
-Չհասցնելուց:
-Ի՞նչ կասեք նրան, ում թվում է, թե ինքն աշխարհի ամենադժբախտ մարդն է:
-Թող փոխի իր դիտակետը: Նույն իրավիճակին կարելի է նայել մի քանի ռակուրսից: Ցանկալի է, որ մարդ գնա դեպի լույսը, ոչ թե լույսից գնա դեպի խավար: Լույսի մեջ փնտրել խավար, ծիծաղելի է: Անգամ լինելով խավարի մեջ՝ մենք լույս ենք փնտրում:
-Սովորաբար ինքներդ Ձեզ ինչո՞վ եք մխիթարում:
-Ինքս ինձ նետում եմ անդունդը, հետո՝ հանում: Ամենադժվարն ու վատն եմ պատկերացնում, եւ դա ինձ օգնում է պատրաստված ընդառաջ գնալ կյանքին: Դա ինձ օգնում է, որ միտքս ավելի ճիշտ աշխատի, եւ փոքր դժվարությունները ծանր չտանեմ:
-Ձեր անտանելի սովորությունը:
-Ծախսում եմ ավելորդ էներգիա այն մարդկանց համար, որոնք դեռ պատրաստ չեն փոխվելու: Երբեմն դիմացինի փոխարեն սկսում եմ թռչել…
-Կենցաղի մեջ ինչպիսի՞ն եք:
-Արագաշարժ ու թեթեւ:
-Հուսահատության շրջան ունեցե՞լ եք:
-Ես ունեցել եմ հուսահատության պահեր: Չեմ թողնում, որ պահերը կազմեն շրջան, կոտրում եմ տեղում: Հուսահատությունս անմիջապես փոխարինվում է հույսով ու հավատով:
-Որոշումները կայացնում եք արա՞գ, թե՞ երկար կշռադատելուց հետո:
-Նայած որոշում: Եթե հարցը վերաբերում է միայն ինձ, արագ եմ որոշում կայացնում, բայց եթե իմ որոշումը կապված է նաեւ այլ անձանց հետ, երկար եմ մտածում, դիմացինի պրիզմայով նայում եմ իրավիճակին, որպեսզի ոչ մի կերպ նրան չվնասեմ:
-Հավաքածու ունե՞ք:
-Այո, ունեմ էմոցիա տվող իրերի հավաքածու, որոնք հավաքվել են տարիների ընթացքում: Այդ իրը կարող է մեկ ուրիշի համար ծիծաղելի լինել, բայց ես պահում եմ:
-Սիրո մեջ ինչպիսի՞ն եք:
-Պահը գնահատող:
-Հայերիս բնավորության մի գիծ, որը Ձեզ դուր չի գալիս:
-Իրենք իրենց կեղծելը, իրենք իրենց խաբելը: Հաճախ մարդիկ ուժ չեն գտնում բացելու իրենց ներսը, վախենում են:
-Սուպերմարկետի ո՞ր բաժնում ժամերով կմնաք:
-Տնտեսական բաժնում: Այնտեղ լիքը ուսումնասիրելու բան կա, երեւակայությունդ սկսում է աշխատել, գնումների ընթացքում «կինո ես նկարում»:
-Ամենառոմանտիկ երեկոն ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Անպայման կիսախավար ու թեթեւ քամի, ծովի վրա բացվող պատշգամբ՝ մեծ, բաց պատուհաններով, կլոր սեղան՝ վրան շամպայն, միրգ:
-Ամուսնական կյանք արժե՞ մուտք գործել:
-Իհարկե, անպայման արժե, դա փորձ ձեռք բերելու հնարավորություն է: Եթե դրանից հրաժարվում ես, նշանակում է՝ թերի ես ապրում:
-Կին-տղամարդ հարաբերությունը ինչպե՞ս կբնութագրեք:
-Դա գեղեցիկ պայքար է, որտեղ կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ ընթացքը: Այդ պայքարը մոտիվացնում է քեզ, շնորհիվ դրա` դու կյանքիդ վերջում երբեք չես ասի, թե զոհ էիր կամ բռնակալ:
-Խենթություններ հաճա՞խ եք անում:
-Ինձ համար ապրելն ինքը խենթություն է: Ամեն օրվա մեջ էլ մի փոքրիկ ներդրում արվում է խենթության համար:
-Ձեր դստեր հետ խենթություններ անո՞ւմ եք:
-Շատ: Առանց դրա չեմ պատկերացնում:
-Հարազատների հետ հարաբերություններում դիվանագիտություն բանեցնո՞ւմ եք:
-Այո, ես ինքս ինձ հետ էլ եմ դիվանագիտություն բանեցնում: Միշտ պետք է որոշակի հաշվարկներ անել: Դա չի նշանակում կեղծել: Այսինքն` դու ուղեղդ զբաղեցնում ես իրենով: Դրա մեջ նաեւ հարազատին գնահատելու տարր կա: Հարազատների մոտ մենք հաճախ թուլանում ենք, աշխատանք չենք տանում ինքներս մեզ եւ նրանց հետ, իսկ դա ավելի է հեռացնում մարդկանց: Եթե նույնիսկ երբեմն անփույթ եմ լինում, հետո անպայման վերլուծում եմ արարքս: Երբեւէ ոչինչ հենց այնպես չի անցնում:
-Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ…
-Դա ամեն մեկի համար յուրովի է գալիս: Իսկ եթե ընդհանուր որակեմ, աշխարհի վերջը կգա, երբ դադարենք մտածել:
-Զարմանում եք, որ երբեւէ երազել եք…
-Երազանքն ինձ համար միշտ վերածվում է նպատակի, որն ամեն գնով փորձում եմ իրականացնել: Իսկ եթե երազանքս անիրագործելի է, սաղմնային վիճակում նրան ոչնչացնում եմ: Իմ նպատակները հիմնականում մոտ ապագային են վերաբերում:
-Եվ վերջին հարցը. եթե մեզ հարցազրույց չտայիք, ի՞նչ էիք անելու այդ մի քանի րոպեում:
-Մտածելու էի առաջիկա ֆոտոսեսիայի մասին եւ զանգահարելու էի բարեկամիս՝ իմանալու՝ գալու է նա մեր տուն, թե ոչ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ
Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 4-րդ տուրը հաղթանակով ավարտեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ – Արմենիան»: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Վարդան Մինասյանի տղաները 2:1 հաշվով հաղթեցին առաջնութան նորեկ «Երեւանին»: «Արարատ – Արմենիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան թիմի ավագ Դմիտրի Գուզն ու Լուիս Օգանան: «Երեւանի» կազմում խաղի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը կրճատեց Ռամազան Իսաեւը: Այս հաղթանակից հետո «Արարատ – Արմենիան» վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց առաջատարներ «Արարատին» ու «Շիրակին»: «Երեւանը» իր ակտիվում գրանցած միավոր չունի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ «Արարատ – Արմենիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի Լյուքսեմբուրգում Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ փուլի շրջանակներում՝ մրցելով «Դյուդելանժի» հետ: Հայկական ակումբը առաջին խաղում տանը մրցակցի նկատմամբ առավելության է հասել 2:1 հաշվով:

 

 

 

ՌՈԲՈՏՆԵՐ՝ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Անգլիական Mirror-ը հավաստիացնում է, որ ՖԻՖԱ-ն կարող է նոր սկանդալային տեխնոլոգիական նորամուծություն կատարել ֆուտբոլում: Նշվում է, որ ֆուտբոլի գերագույն մարմինը պատրաստվում է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով: Աղբյուրը նշում է, որ այդ ամենը մի օր հնարավոր է, որովհետեւ ֆուտբոլը ամեն վայրկյան գնում է դեպի զարգացում: Այդ նորամուծությունից հետո կարելի է խուսափել ֆուտբոլում այն սխալներից, որոնք անտեսանելի են եզրային մրցավարների համար: Հիշեցնենք, որ տեխնոլոգիական վերջին նորամուծությունը ֆուտբոլում VAR համակարգն է, որի շնորհիվ մրցավարները հնարավորություն են ստանում վիճելի դրվագը մի քանի անգամ դիտել վերջնական որոշում կայացնելիս:

 

 

 

 

ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ
Հունգարիայի Ցեգետ քաղաքում ընթանում է թիավարության աշխարհի առաջնությունը, որտեղ եզրափակիչ դուրս եկած 4 հայ թիավարներ չեն մասնակցի եզրափակչին: Այս մասին գրառման միջոցով հայտնել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի էջը: «Չկարողացանք մասնակցել… Փող չկա…»,- գրված է գրառման մեջ: Եզրափակիչները պետք է կայանային այսօր՝ օգոստոսի 27-ին:

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում կայացած ՊՍԺ – «Թուլուզ» խաղում վնասվածք են ստացել փարիզյան թիմի 2 առաջատար ֆուտբոլիստները՝ Կիլիան Մբապեն եւ Էդինսոն Կավանին: Նշվում է, որ ֆրանսիացին կկարողանա շարք վերադառնալ միայն 1 ամսից, իսկ Կավանին, որը վնասել է աճուկային մկանները, պարզ չէ, թե երբ կվերադառնա խաղադաշտ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս