ԵՐԿՐԻ ԹԻՎ 1 ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցրած, փաստացի երկրի թիվ մեկ հարուստ Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ քննիչները ձերբակալել են: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է խոշոր վատնումների եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ»: Ասել է թե՝ արարք, որի մասին բոլորը միշտ լսել են, սակայն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք անգամ դժվար էր պատկերացնել, որ Գ. Խաչատրյանի նման պաշտոնյան կարող է երբեւէ պատասխանատվության ենթարկվել:
Բայց խնդիրն այն է, որ այս ձերբակալությունը բավականին ուշացավ: Ինչո՞ւ. որովհետեւ թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ոչ մեկ անգամ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախ անցած տարվա հուլիսին հետաքննություն էր սկսվել Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության ժամանակ թույլ տրված չարաշահումների առնչությամբ (ինչպես հայտնի է, կենտրոնի շինարարությունն իրականացվել է Գ. Խաչատրյանի` ՊԵԿ նախագահ եւ Ֆինանսների նախարար աշխատած տարիներին հենց նրա նախաձեռնությամբ), սակայն մինչ օրս այդպես էլ նրան մեղադրանք չէր առաջադրվել։ Այնուհետեւ երեկ ՀՀ ՀՔԾ-ն «քնից արթնացավ» եւ հայտարարեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործ է քննվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Սակայն ՀՔԾ-ն չէր գրել, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, քանի որ քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է։ Բայց սա դեռ ամենը չէ:
Այս տարվա փետրվարի 28-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հարցում էր ուղարկել գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություն տալ Գագիկ Խաչատրյանին առնչվող գործերի հետ կապված, եւ մարտին ստացվել էր պատասխան, որ նրա հետ կապված որեւէ գործ չկա։ «Գագիկ Խաչատրյանը որեւէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»: Ու հիմա պարզվում է, որ ոչ միայն գործ է եղել հարուցված, այլեւ վնասի հատուցում է արել Խաչատրյանը, սակայն դատախազ Արթուր Դավթյանը տեղյակ չէ:
Անտեղյակությունն ապացուցվեց նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերից. երեկ նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գագիկ Խաչատրյանը մինչ այս մի քանի անգամ հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում: Այսպիսով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Գ. Խաչատրյանին կալանքի վերցնելով, ցույց տվեց, որ նրա նման կոռումպացված պաշտոնյան չէր կարող մեր երկրում մնալ ազատության մեջ: Մնում է՝ «բռնոցի-բաց թողոցի» չլինի:

 

 

 

 

Դեռեւս Թավշյա հեղափոխությունից առաջ Գլխավոր ռազմական տեսուչը ՀՀ նախագահին կից մարմին էր, որը ղեկավարում էր Միքայել Հարությունյանը, սակայն նախորդ տարվա դեպքերից հետո այդ պաշտոնը վստահվեց Մովսես Հակոբյանին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հեղափոխությունից հետո ռազմական տեսուչի հարցը մնացել էր օդից կախված, եւ այդպես էլ հայտնի չէր, թե նա պետք է աշխատի ՀՀ նախագահին, վարչապետին, թե Պն-ին կից: Արդյունքում որոշում է կայացվել, որ ռազմական տեսուչին պետք է կցեն ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ինչին ի պատասխան` վերջինս հայտնեց, որ նոր օրենսդրությամբ Գլխավոր ռազմական տեսուչ անվանումը ենթարկվել է փոփոխության եւ այժմ այդ կառույցի անունն է Զինվորական վերահսկողական ծառայություն, որն էլ գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ստացվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր աշխատում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ենթակայությամբ:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել: Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որ լուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եւ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի: Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից` դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում` կա՛մ դատավորի կարիերան, կա՛մ աղմկահարույց գործը քննելու ծանր բեռը:

 

 

 

 

Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել եւ մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով:

 

 

 

ԻՆԵՐՑԻԱՅԻ ՈՒԺՈՎ
Երեւանի Աբովյան-Թումանյան-Նալբանդյան փողոցների եռամիասնության հատվածում՝ բնակելի շենքերի բակում, վերսկսվել են շինարարական աշխատանքներ, որոնք ընդհատվել էին հեղափոխությունից հետո: Այս հատվածում մասնավոր ներդրողը պատրաստվում է բարձրահարկ՝ 14 հարկանի շենք կառուցել, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ճեմուղի եւ, ամենագլխավորը, մանկապարտեզ խիտ բնակեցված շենքերի բնակիչների համար: Բայց Երեւանի Կենտրոնի բնակիչները արդեն երկու օր է` խուճապահար բողոքում են, դիմում են նաեւ մեր՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն` խնդրելով «մի բան անել»՝ կասեցնելու համար այդ շինարարությունը: Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են դժգոհ, մարդիկ սկսեցին պնդել, որ շինարարության համար փորված խորը փոսը վտանգավոր է եւ հարակից շենքերի հիմքերը կարող են թուլանալ, դժգոհեցին, որ փոշի է, շինաղմուկ եւ, ամենակարեւորը, 14 հարկանի շենքը կփակի իրենց լուսավորությունը: Իհարկե, մարդիկ մտավախություններ ունեն, ինչը նորմալ է: Ի վերջո նախկինում Երեւանի քաղաքային իշխանությունները աչքի չեն ընկել քաղաքացու շահը առաջ տանելով, այլ գերադասել են գրպանային շահը:
Բայց այսօր իրավիճակն այլ է: Նախ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը անձամբ երեկ հանդիպեց բնակիչներին, համբերատար լսեց բոլորի բողոքները, մեղադրանքները, կշտամբանքներն ու երբեմն նաեւ վիրավորանքները «կուլ տվեց»: Համաձայնեք՝ նախկինում թաղապետերը չէին մտնում մարդկանց մեջ, չէին բացատրում իրավիճակը ու տեր չէին կանգնում իրենց կողմից կայացված որոշումներին: Մնացականյանը տեղում բացատրեց, որ արեւի լույսը չի փակվի, բոլոր մասնագիտական եզրակացություններով որեւէ շենքի հիմք չի թուլանա եւ այլն, ու բնակիչները կունենան իրենց մոտիկ մանկապարտեզ: Սակայն մարդիկ անդրդվելի էին. «Թող մնա մեր բակը էնպես, ինչպես կա, փոշին, կեղտը թող մնա»: Համաձայնեք, քաղաքացիների պահանջն այս դեպքում այնքան էլ օրինաչափ չէ, քանի որ այդքան մանրամասն բացատրելուց ու փաստաթղթային հավաստիացումներից հետո համառում էին, թե չեն ուզում ոչինչ կառուցվի: Թաղապետն էլ բացատրում էր, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի պատասխանատուն իրենք են, հետեւաբար պետք է քայլ անեն՝ փոշոտ, կեղտոտ եւ ոչ հարմարավետ Կենտրոնը բարեկարգելու համար: Կարծում ենք՝ քաղաքացիները իներցիայի ուժով չպետք է բողոքեն ամեն ինչի դեմ: Միշտ չէ, որ պետք է հակադրվել իշխանությունների որոշումներին. դրանք շատ դեպքերում (նոր Հայաստանում) բխում են հենց քաղաքացիների շահերից:




Լրահոս