ՌԻՍԿԵՐ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ, ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի շահագործման հարցում հայրենի կառավարությունը անկեղծ չէ, ինչի համար էլ մինչեւ այժմ անհասկանալի է, թե ինչու են ամեն ինչ անում, որպեսզի այն շահագործվի: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` բոլոր դեպքերում պետք է իշխանությունը միջազգային հանրությանը ներկայացնի իրականությունը, թե ինչու են տեղի բնակիչներն ամեն գնով դեմ արտահայտվում հանքի շահագործմանը, ինչի հետ բոլոր բարձրացված հարցերին կտրվեն պատասխաններ:

-Տիկի՛ն Սամսոնյան, Ձեր խմբակցությունը դեմ է արտահայտվում Վայոց Ձորի Ամուլսարի հանքի շահագործմանը, ու Դուք դիմել էիք կառավարությանը` խնդրելով` Ձեզ տրամադրեն Լիդիանի եւ ՀՀ միջեւ կնքված պայմանագիրը: Ի՞նչ պատասխան եք ստացել կառավարությունից ու, ի վերջո, վերջնական ի՞նչ հանգուցալուծման եք եկել` հանքի շահագործման հետ կապված:
-Կառավարությունից որեւէ պատասխան չեմ ստացել: Մենք նշել ենք, որ այս հարցում շատ կարեւոր է երկու բան` առաջինը դա այն է, թե ներկայացված փորձաքննությունը հիմքեր տալիս է հանքը շահագործելու, թե ոչ, եւ իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ճիշտ էինք: Ու ստացվեց այնպես, որ կարիք եղավ նոր ՇՄԱԳ անելու, նոր գնահատական ներկայացնելու համար: Երկրորդն այն է, որ չի կարող Ամուլսարը շահագործվել` հաշվի չառնելով տեղի բնակիչների եւ այն քաղաքացինրի կարծիքը, որոնք վտանգ են տեսնում իրենց կյանքի ու առողջության համար: Ճիշտ է, անընդհատ հայտարարվում է, որ այս բողոքի ակցիաները ուղղորդված են, նրանք ինչ-որ գումարներ են ստանում այլ հանքատերերից, բայց ես կարծում եմ, որ սա վատ միտում ունի նսեմացնելու այն քաղաքացիների բողոքի ձայնը, որն իրապես շատ արդար է: Չգիտես` ինչու, այս հարցում կառավարությունը որոշել է միանձնյա որոշում կայացնել, ու քաղաքացիները չեն կարող իրենց տեսակետը բարձրաձայնել ու իրենց կարծիքը լսելի դարձնել: Մենք կարող ենք Երեւանում որոշումներ կայացնել, բայց տեղի բնակիչները կարող են մեր որոշումներից տուժել: Մարդիկ պատմում են աղտոտված օդի մասին, ջրերի մասին, իսկ այդ ամենը ռեալ վտանգ է պարունակում քաղաքացիների առողջության համար:
-Եթե հանրությունը դժգոհ է ու մեծ աղմուկ է բարձրացել հանքի շահագործման հարցի վերաբերյալ, ըստ Ձեզ` ինչո՞ւ են իշխանություններն ամեն կերպ փորձում այն կյանքի կոչել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից արդեն ակնհայտ է, որ իշխանությունները կողմ են հանքի շահագործմանը. ի՞նչ շահ է հետապնդում այս ամենը:
-Ես կարծում եմ, որ իշխանությունները 100 տոկոսով անկեղծ չեն, թե ինչու պետք է Ամուլսարը շահագործվի: Համենայնդեպս, շատ ենթադրություններ չեմ կարող անել, ես կարող եմ միայն հղում անել իրենց խոսքերին, որ մտահոգություն ունեն երկու առումով: Ասվում է, որ հանքը չշահագործելու դեպքում մենք կունենաք տնտեսական կորուստներ, իսկ երկրորդն էլ` այն կազդի Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշի վրա: Ես երկու դեպքում էլ համաձայն չեմ իշխանությունների հետ: Նախ, առաջինը, իշխանությունը հայտարարել է, որ իրենք պետք է վերանայեն հանքարդյունաբերությունը որպես տնտեսության լոգոմոտիվ աշխատեցնելու ավանդույթը եւ պետք է գան ՀՀ-ի էկո ժամանակները ,ու ե՞րբ պետք է գա, եթե ոչ այսօր: Հանքարդյունաբերությունը գրավիչ ոլորտ է, ու մենք ամեն օր կարող ենք ասել` լավ այսօր չէ, վաղը, ու անընդհատ տանք ընդերքի օգտագործման իրավունքներ: Այս առումով կառավարության խուճապն ինձ համար անհասկանալի է: Ես համադրում եմ այս խուճապը մի քանի ամիս առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրած տնտեսական հեղափոխության խոսքերի ու կոչերի հետ ու ուզում եմ հասկանալ, թե արդյոք պետք էր տնտեսական հեղափոխությունը սկսել Ամուլսարից: Եթե մենք ունենք հստակ պլան, ապա չպետք է վախենանք այս հանքի չշահագործման հետեւանքներից:
-Իշխանությանը մտահոգում է միջազգային հարթակներում ՀՀ-ի ցուցանիշի անկումը, ինչպես նաեւ այն հարցը, որ այլեւս Հայաստանում ներդրումներ չեն անելու նման իրավիճակից հետո: Սա մտահոգիչ չէ՞:
-Կառավարությունը պետք է կայացնի երկու որոշում, երկու որոշումն էլ ես համարում եմ քաղաքական: Առաջինը` եթե շահագործվի Ամուլսարը, ապա պարզ կդառնա, որ կառավարության համար հանքարդյունաբերությունը կդառնա տնտեսության զարգացման առաջատար ճյուղ, իսկ երկրորդ` եթե կառավարությունը որոշում է, որ այն չի շահագործվելու, դա չի նշանակում, որ կառավարությունը խաբում է ներդրողին: Եթե մենք աշխարհին բացատրենք, թե ինչու չեն թույլատրել շահագործել Ամուլսարը, որովհետեւ այն մեզ համար ունի բնապահպանական նշանակություն, մենք պաշտպանում ենք ՀՀ-ի էկո միջավայրը, ու սա ավելի է ներդրողներին խթանելու գան ՀՀ ու այլ ոլորտներում կատարել ներդրում: Կառավարությունը թող այդ ամենը բացատրի:
-Եթե վերջնական որոշում լինի հանքի շահագործման հարցում, ի՞նչ քայլեր է անելու «Լուսավոր Հայաստան»-ը:
-Մենք խոստացել ենք ջերմուկցիներին, մենք խոստացել ենք բնապահպաններին, որ եթե տեղի բնակչությունը չի ցանկանում, որ հանքը շահագործվի, ապա մենք իրենց կողքին ենք: Մենք պարտավոր ենք այս դեպքում պաշտպանել բնակիչներին, որովհետեւ մենք էլ կարծում ենք, որ այն պարունակում է վտանգներ եւ ռիսկեր:

 

 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿՍԿՍԵՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում տեղի կունենա 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը: Ըստ մեր տեղեկությունների` բավական երկար ժամանակ է` հանձնաժողովը նիստ չի անցկացրել, ու արդեն որոշվել է սեպտեմբերին ավելի ակտիվ ռեժիմով նիստեր հրավիրել: Նշվում է, որ մեծ ծավալի փաստաթղթղեր է ուսումնասիրել հանձնաժողովը, ու առաջիկայում սկսվելու են դրանց քննարկումն ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումները:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ առաջիկայում արդեն հանձնաժողովի նիստերին են միանալու այն անձինք, ում հանձնաժողովը որոշել է հրավիրել իրենց այդ ծավալուն աշխատանքներում խորհրդատվություն տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսին հանձնաժողովում որոշում էր կայացվել սեպտեմբերից փորձագետի կամ խորհրդատուի կարգավիճակով հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկել ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ նախկին բարձրաստիճան զինվորականների: Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ արդեն իսկ հայտնի են այդպիսի անձանց անուններ, ովքեր սեպտեմբերից կներգրավվեն հանձնաժողովի աշխատանքներում` ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Նորատ Տեր-Գրիգորյանց, ՀՀ նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյան, Հայաստանի զինված ուժերի հրետանու հիմնադիր Վլադիմիր Հայրապետյան: Ըստ Անդրանիկ Քոչարյանի` ինքը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ` խորհրդատուի կարգավիճակով հետախուզության համակարգի բարձրակարգ մասնագետ եւս հրավիրելու համար:
Ու, ըստ մեր տեղեկությունների, արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում նշված անձինք սկսկելու են աշխատել հանձնաժողովի անդամների հետ: Հանձնաժողովի աշխատանքները տեւելու են 6 ամիս, որից հետո նոր պետք է տեղեկություն տրամադրվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Իսկ մինչեւ այդ հանձնաժողովի անդամները լռում են ու հայտարարում, որ դեռեւս որեւէ ինֆորմացիա չեն կարող հրապարակել իրենց աշխատանքների վերաբերյալ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴՈՒ
ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 22-ին «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն դիմել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հայց ներկայացնելով ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդու՝ Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի դեմ` պահանջելով 4 միլիոն 256 հազար 500 դրամ: Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի 60 տոկոս բաժնետերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է` Լեւոն Քոչարյանը: Սակայն նկատենք, որ նախկին նախարարի որդու ընկերության հետ ֆինանսական խնդիր միայն «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն չունի: Աժ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն եւս դիմել է դատարան եւ նախկին նախարարի որդուց պահանջում է 2 միլիոն 515 հազար դրամ:

 

 

 

ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ` ԱՆՀԱՅՏ
Ինչպես հայտնի է, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխության արդյունքում ստեղծվեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Եվ բնական է, որ նոր ստեղծված նախարարությունը պետք է իր գործունեությունը մեկ վայրում կատարի: Սակայն այսօրվա դրությամբ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շենքը, որը տեղակայված է Աբովյան փողոցում, դեռեւս շարունակում է իր գործունեությունը, եւ միացյալ նախարարության` սպորտի ոլորտի աշխատակիցներն իրենց գործունեությունն այդ շենքում են անցկացնում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ, ըստ էության, Մշակույթի նախարարությունը գտնվել է նույն շենքում, եւ այս առումով որեւէ խնդիրներ չկան, իսկ, ահա, Սպորտի նախարարության պարագայում պետք է աշխատակիցների տեղափոխություն տեղի ունենա: «ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանից ճշտել Կենտրոնում տեղակայված շենքի ճակատագիրը: Վերջինս նշեց, թե շենքի ճակատագիրը քննարկման փուլում է, եւ դժվարացավ ասել` այն կդրվի աճուրդի, թե այլ ձեւով լուծում կտրվի: Բաբայանի խոսքով` վերջնական ճակատագիրը պարզ կդառնա նաեւ այն հանգամանքից, թե ինչ ձեւով կդասավորվի այդ նախարարությունում այժմ աշխատողների ճակատագիրը, եւ ինչպես նրանք կտեղավորվեն արդեն միացյալ նախարարությունում: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ շենքի հետագա ճակատագիրն անհայտ է:




Լրահոս