ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էմփիրեյ»-ի նոր տեսահոլովակը՝ ոգեշնչված թավշյա հեղափոխությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Էմփիրեյ» ռոք խումբը կրկին նոր վոկալիստ ունի՝ Էմիլ Խոսրովյանն է: Էմիլի հետ «Էմփիրեյ»-ն արդեն ձայնագրել է մի քանի երգ եւ մեկ տեսահոլովակ՝ «Անպարտելի» անունը կրող երգի հիման վրա: Խմբի ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ստեղծագործությունը գրելիս ոգեշնչվել են թավշյա հեղափոխությունից. «Չէի ասի, որ երգը հենց մեր հեղափոխության մասին է:

Կարելի է ասել, այն պայքարի մասին է, կարող է վերաբերել ցանկացած անհատի, ժողովրդի: Հայերս դժվարությունների առաջ կանգ չառնող տեսակ ենք, առաջ գնացող ենք, անպարտելի ոգով: Երգը հայ ժողովրդին է նվիրվում, որ թե՛ թավշյա հեղափոխության օրերին, թե՛ իր պատմության ողջ ընթացքում անպարտելի ոգով է առաջնորդվել: Այդ խիզախությունն օգնել է մեզ ամենաանելանելի իրավիճակներում ելք գտնել եւ շարժվել առաջ: Մենք տեսահոլովակը նկարահանելիս օգտագործեցինք BBC-ից կադրեր, լրագրողական մեկնաբանություններ, որոնք արվում էին հենց թավշյա հեղափոխության օրերին, նկարագրում էին Հայաստանում տեղի ունեցող իրավիճակը»,- մանրամասնեց նա:

Երգահանի խոսքով՝ տեսահոլովակի միջոցով փոքրիկ պատմական էքսկուրս է արվում մեկ տարի առաջվա դեպքերի վերաբերյալ, դրանք աշխարհին ի ցույց է դրվում ուրիշի, կողմնակի մարդու աչքերով: Ընդհանուր սյուժետային գիծն անցնում է այն քայլերով, որոնք խորհրդանշում են հենց թավշյա հեղափոխության օրերը:

Ամանորին «Էմփիրեյը» կներկայանա տոնական երգով: Հարցին, թե Էմիլը հասցրել է արդյոք ձուլվել խմբին, Գիսանեն պատասխանեց. «Այո, եւ եթե նախկինում խմբի վոկալիստներին անընդհատ համեմատում էին առաջին վոկալիստի հետ, ասում էին, որ նրանք շատ են զիջում Սարգիսին, ապա այժմ Էմիլին ընդունում են որպես վառ անհատականություն եւ նման համեմատություններ չեն անում, ասում են՝ վոկալիստի ընտրությունը յուրահատուկ է: Նա, իսկապես, հասցրել է իր գույնը բերել խմբին»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս