2023 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ Արդարադատության նախարարության կողմից հրապարակվելու է «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ռազմավարության մեջ ներկայացված են այն ծրագրերը, որոնք պետք է կատարվեն 2019-2020 եւ 2021-2023 թվականների ընթացքում:

Մասնավորապես, 2019-2020 թվականների ընթացքում ակնկալվում է Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի եւ գործունեության մասին օրենքի մշակում եւ հանձնաժողովի ձեւավորում: Ուսումնասիրելով նախագիծը` պարզ է դառնում, որ 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար ձեւավորվելու է փաստահավաք հանձնաժողով: Սակայն այն չի ունենալու իրավապահ կամ դատական մարմնին բնորոշ գործառույթներ: Փաստահավաք հանձնաժողովն արտադատական, անկախ մարմին է: Հանձնաժողովը ձեւավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով: Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում ՀՀ Ազգային ժողովին եւ Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձեւերի, չափերի եւ դրա անհրաժեշտության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության եւ ուղղությունների վերաբերյալ:
2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կազմված մասնագիտացման սկզբունքով ընտրված անկախ անդամներից, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Ընտրական օրենսդրության բարեփոխումն, ի թիվս այլնի, ընդգրկելու է հետեւյալ ուղղությունները.
թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում,
կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում,
կոալիցիաների ձեւավորման կարգի բարեփոխում,
ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունների բարձրացում, այդ թվում` ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների եւ անգործության բողոքարկման ընթացակարգի վերանայում,
ընտրագրավի գումարի չափի վերանայում,
զինծառայողների եւ ազատությունից զրկված անձանց քվեարկության նկատմամբ որեւէ միջամտության բացառում,
ընտրողների ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացում,
բանավեճի եւ լուսաբանման վերաբերյալ կարգավորումների բարեփոխում,
դիտորդական գործունեությամբ ընտրական գործընթացների վերահսկողության բարեփոխում:
Մյուս փոփոխությունների հիմնական մասը կապված է դատարանների եւ դատավորների գործունեության հետ: Եվ 2020 թվականին նախատեսվում է նաեւ դատավորների աշխատավարձի բարձրացում: Ռազմավարության մեջ նշված է, որ ներկայումս դատավորներին եւ նրանց աշխատակազմին առաջարկվող վարձատրությունը համարժեք չէ նրանց ծանրաբեռնվածությանը, ինչի հետեւանքով ոչ միայն վտանգվում է դատարանների անաչառությունը, եւ ստեղծվում են կոռուպցիոն ռիսկեր, այլեւ առաջատար իրավաբանների համար դատական համակարգը մնում է ոչ գրավիչ: Եվ ներկայացված են նաեւ թվային տվյալներ, ըստ որի` Երեւան քաղաքում քաղաքացիական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 632 գործ, այնինչ՝ 2018 թվականին 1290 գործ, իսկ մարզերում 2013 թվականին՝ 469 գործ, այնինչ 2018 թվականին` 1447 գործ: Երեւան քաղաքում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռվածությունը 2013 թվականին կազմել է 66 գործ, իսկ 2018 թվականին՝ 81 գործ, մարզերում 2013 թվականին՝ 74 գործ, 2018 թվականին՝ 84 գործ, մինչդեռ 2014 թվականից ի վեր դատավորների պաշտոնային դրույքաչափը փոփոխության չի ենթարկվել:
Արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծում մեծ տեղ է հատկացված նաեւ դատարանների ծանրաբեռնվածության նվազման շուրջ տարվող աշխատանքներին, եւ նախագծում ամրագրված է, որ Հայաստանում գնալով աճում է դատական գործերի թիվը, մինչդեռ դատավորների թվակազմը գրեթե մնում է անփոփոխ: Եվ թվային տվյալները ցույց են տալիս, որ 2013 թվականի ընթացքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 48 540 քաղաքացիական գործ, ապա 2017 թվականին այդ թիվը կազմել է 137 003 գործ, իսկ 2018 թվականին՝ 129 941 քաղաքացիական գործ: Կամ 2013 թվականին ստացվել է 3376 սնանկության գործ, 2017 թվականին՝ 9218, իսկ 2018 թվականին՝ 9326 սնանկության գործ: Եվ իրավիճակը կարգավորելու նպատակով նպատակ կա նաեւ ավելացնել դատավորի թվաքանակը:
Ինչպես արդեն նշեցինք, վերը նշված փոփոխությունները նախատեսված են իրականացնել 2019-2020 թվականներին, սակայն մեծ թվով նախագծեր կան ամրագրված նաեւ 2021-2023 թվականների համար սահմանված: Արդեն այս թվականներին կատարվելու է նախորդ գործողությունների տրամաբանական շարունակությունը: Մասնավորապես, նախատեսված է, որ 2021 թվականին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սկսելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը` այն ավարտելով 2023 թվականին: Այդ ընթացքում տեղի կունենան նաեւ հանրային քննարկումներ, որից հետո տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Իսկ, ահա, 1991-2018 թվականին վերաբերող խախտումների վերաբերյալ ուսումնասիրությունները փաստահավաք խումբը պետք է կառավարությանը եւ խորհրդարանին ներկայացնի արդեն 2020 թվականին, որից հետո տեղի կունենա այդ մարդկանց իրավունքների վերականգնումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՐԳԵԼՎԱԾ Է
Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին եւ հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է այլեւս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ եւ հորդորում են դիմել Արման Աբովյանին։

 

 

 

ՀԱԳԵՑԱԾ ՕՐԱԿԱՐԳ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 9-ին մեկնարկելու է ԱԺ աշնանային նստաշրջանը: Ըստ մեր տեղեկությունների` այն շատ հագեցած օրակարգ է ունենալու, քանի որ շատ հարցեր նախորդ նիստից առկախված են մնալու: Գլխավոր թեմաներից է լինելու ԲԴԽ անդամի հարցը, որը կարելի է ասել իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում լուծել: ԲԴԽ թեկնածու Աննա Մարգարյանի խայտառակ ընտրությունից հետո շատերը, ում առաջարկվել է, չեն համաձայնում իշխանության թեկնածուն դառնալ։ Բացի այդ, սեպտեմբերի սկզբին մեկնարկելու են նաեւ հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն այն նախագծերը, որոնք պետք է ընդգրկվեն առաջիկա նստաշրջանի օրակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդպիսի նախագծերը բազմաթիվ են եւ վերաբերում են տարբեր ոլորտների։ Ընդ որում, կրկին շատ են կառավարության կողմից ներկայացված նախագծերը, այլ ոչ թե պատգամավորների կողմից հեղինակած։ Սակայն կան նաեւ այնպիսի նախագծեր, որոնք հեղինակված են հենց պատգամավորների կողմից։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ճաշի ձեւաչափով հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Ն. Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ, ապա կայացել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների օրակարգին եւ զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը, այդ թվում նաեւ Եվրոպական միության շրջանակում հայ-շվեդական կապերի խորացման հեռանկարներին:

 

 

 

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը: Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձինք, ցանկանալով կնքել ֆրանչայզինգի պայմանագիր եւ չկարողանալով գրանցել այդ պայմանագիրը` համաձայն 970-րդ հոդվածի 2-րդ մասի, մեկ ֆրանչայզինգի պայմանագրի փոխարեն ստիպված են կնքել մի քանի լիցենզային պայմանագրեր: Նախագծով առաջարկված իրավակարգավորմամբ ներպետական օրենսդրության նշված բացը շտկվում է»:




Լրահոս