ԴԱՏԱՎՈՐԸ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:

Ինչպես հայտնի է, աղմկահարույց այս քրեական գործը մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որն էլ մայիսի 18-ին երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեց, եւ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ: Սակայն այս որոշումը «թանկ նստեց» Դավիթ Գրիգորյանի վրա, եւ ՀՀ իրավապահ մարմինները սկսեցին վերջինիս գործունեության մեջ «մութ տեղեր» փնտրել, ինչը հաջողությամբ պսակվեց: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, եւ նրա լիազորությունները դադարեցված են:
Եվ, ահա, դատական համակարգը կրկին դիմեց համակարգչի օգնությանը, եւ այս անգամ էլ «չարաբաստիկ համակարգիչը» աղմկահարույց գործը քննելու համար ընտրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նկատենք, որ դատավոր Դանիբեկյանը այս տարի հասցրել էր հայտնվել աղմկահարույց պատմության կիզակետում, մասնավորապես` վերջինիս հարցը հասել էր Բարձրագույն դատական խորհուրդ:
Բանն այն է, որ 2019 թվականի փետրվարի 4-ի Կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հաղորդումը: Հաղորդման մեջ դատախազի տեղակալը նշել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անհիմն բավարարել է անձի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը, ինչով թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Պարզվում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 2018 թվականի մայիսի 26-ի որոշմամբ (անհիմն բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի փաստաբանների` նրա ձերբակալման դեմ ներկայացված բողոքը) հաստատել է ձերբակալման ոչ իրավաչափ լինելը եւ վերջինիս ազատ է արձակել արգելանքից:
Այսինքն` Ինտերպոլով հետախուզվողին հայտնաբերել են Հայաստանում, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու համար: Սակայն դատավոր Դանիբեկյանը կալանքի որոշում չի կայացրել, ինչի արդյունքում հետախուզվողը, հայտնվելով ազատության մեջ, կրկին փախել է, եւ չեն կարողացել գտնել:
Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր բացատրության մեջ Աննա Դանիբեկյանն էլ նշել էր, որ ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձին ՀՀ տարածքում ձերբակալելու համար վերջինիս կալանավորելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման առկայությունը պարտադիր պայման չէ, սակայն որոշումը կայացնելիս գտել է, որ հանցանք կատարած լինելու կասկածը փաստելու համար անհրաժեշտ է պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչում է կասկածվում տվյալ անձը: Մինչդեռ, քրեական հետապնդման մարմնի կողմից ներկայացված քաղվածքը չէր պարունակում համապատասխան տեղեկությունները:
Ինչեւէ, ԲԴԽ-ն, բոլոր կողմերին լսելով, 2019 թվականի մարտի 14-ին որոշում էր կայացրել եւ բավարարել էր Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը ու Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հայտարարվել էր նկատողություն:
Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` եթե չլիներ այս դեպքը, ապա դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գործով մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ: Իսկ ինչո՞ւ չի հայտնում: Բանն այն է, որ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, կրկին կհայտնվի ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում, եւ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի: Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից` դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում` կա՛մ դատավորի կարիերան, կա՛մ աղմկահարույց գործը քննելու դժվար բեռը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալ անձամբ դատավորից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձնավարություն՝ նշելով, որ սա Աննա Դանիբեկյանի հեռախոսահամարը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաեւ հրապարակել դատավորի տեսակետը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՓՈԽՄԱՐԶՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Արարատի ՀՅԴ-ական նախկին փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, աշխատելով որպես ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ, Շվեյցարիայում բնակվող քրոջը՝ Վալյա Բաբայանին ՀՀ վերադարձնելու նպատակով օգտագործել է իր պաշտոնեական դիրքը: Նախաքննական մարմինը պարզել է, որ Արարատի մարզպետի տեղակալը 2018թ. սեպտեմբերի 26-ին իր աշխատասենյակ է հրավիրել «Ազատավան ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանին եւ հորդորելու եղանակով դրդել է տալ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, թե, իբր, ՀՀ-ում բնակվող իր մյուս քույր Սուսաննա Բաբայանն ունի առողջական խնդիրներ: Դրանից հետո Ա. Կարապետյանը Հ. Բաբայանի դրդմամբ, անձնական այլ դրդումներով Սուսաննա Բաբայանի վերաբերյալ կազմել է «Կրծքավանդակի ուռուցք 4-րդ աստիճանի, ծանր ընթացքով որովայնի օրգանների մետաստատիկ ախտահարումով» ախտորոշմամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք եւ այն հանձնել Հայրապետ Բաբայանին: Այսինքն` Հ. Բաբայանը մեղադրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարք կատարելու համար, որը նախատեսված է ՀՀ քր. օր. 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում): Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 3-ին փոխմարզպետ Հ. Բաբայանը առավոտյան աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձեւն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված էր ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել էին ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական 6 նախարարները: Ստացվում է, որ պաշտոնից ազատվելուց հետո նախկին փոխմարզպետները այդքան էլ խաղաղ օրեր չեն ունեցել՝ հայտնվելով իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՈՐԴՈՐ
Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից: «Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով` սկսած տարատեսակ միջոցառումներից մինչեւ փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ` խոչընդոտելով օդանավերի եւ երբեմն օդային երթեւեկության կարգավարական կետերի աշխատանքը: Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ` մինչեւ անգամ ժամանակավոր կուրություն` այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը:

 

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ»,- սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ-փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք: Աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ, աշխատանքային կարգով»,-ասված է նրա գրառման մեջ:

 

 

ՆԱԽԱԳԻԾ
2020թ. առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը եւ կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Ըստ նախագծի` Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է նաեւ քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության եւ խորհրդարանական մեծամասնության ձեւավորման կարգը, ինչպես նաեւ պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման եւ լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջեւ լիազորությունների տարանջատումը եւ հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորման կարգը, դերը եւ լիազորությունները եւ այլն:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՏՆՕՐԵՆԻՆ
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերի առերեւույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման եւ համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա: ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել վերջինիս պատկանող անշարժ եւ շարժական գույքի վրա: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը 2016թ. ապրիլից մինչեւ 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում իր հրամանատարության ներքո գտնվող դիվիզիոնի համար նախատեսված, իրեն վստահված ՎՔՆ միջոցներից` անձեռնմխելի պաշարից, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 9.538.457 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 19.950 լիտր ձմեռային դիզվառելիք եւ 100 լիտր բենզին, իսկ ընթացիկ ՎՔՆ միջոցներից` 900 լիտր բենզին, որը հետագայում իրացրել է, իսկ ստացված գումարը տնօրինել: Փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվե, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




Լրահոս