Ամուլսարի հանքի շահագործման հարցը վերջին շրջանում ամենաքննարկվողն է: «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է տվել, տարակարծությունների առիթ է տվել: Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ՝ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա: Այնինչ բնապահպանները, երկրաբանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով Սեւանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն: Նրանք պնդում են, որ հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան» ընկերության ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է եղել: Օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում Ամուլսարի խնդրով համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Էլարդի» եզրակացության շուրջ կան պարզաբանման ենթակա հարցեր։ Բնապահպանական թեմայի շուրջ այս օրերին իրենց տեսակետն են հայտնում նաեւ մշակույթի գործիչները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկները որքանո՞վ էին Ձեզ համար համոզիչ:
-Դրանք միանշանակ չբավարարեցին ինձ: Շարունակում եմ պնդել, որ Ամուլսարը պետք է մնա սար, չպետք է հանք դառնա եւ վերջ:
-Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի փորձաքննությունն իրականացրած միջազգային փորձագետներն առաջիկա օրերին առցանց կպատասխանեն հանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Փաշինյանի հայտարարած օնլայն քննարկումը Ձեր կարծիքով կարո՞ղ է հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների համար հույսի դռներ բացել:
-Ես չեմ հասկանում՝ այդ քննարկման իմաստը որն է: Վստահ եմ, որ «Էլարդ» ընկերության փորձագետները կշարունակեն այնպիսի պնդումներ անել, ինչպիսիք անում էին նախկինում: Շատ-շատ ասեն՝ կուզե՞ք էլի փորձաքննություն անենք, էլի մի քանի հարյուր հազար դոլար կվերցնեն…
-Որքան էլ խնդրի բնապահպանական կողմը կարեւորենք, չենք կարող հաշվի չնստել տնտեսական գործոնի հետ: Ի վերջո, այս իշխանությունը Ամուլսարի խնդիրը ժառանգել է նախորդ իշխանությունից…
-Ես չեմ ուզում, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա հանքարդյունաբերության ուղղությամբ: Եթե ժամանակին Ամուլսարի խնդրին քաղաքական գնահատական տրվեր, այսօր նման իրավիճակի առջեւ կանգնած չէինք լինի: Իսկ եթե Փաշինյանն իրեն համարում է Քոչարյանի ու Սարգսյանի ժառանգորդը, ինչու՞ է իրենց դեմ: Մենք արդեն լիքը հանքեր ունենք, գիտենք դրանց ռիսկերը, վնասները: Այս պայմաններում նոր հանք բացելը ո՞րն է: Ինչ կա, ծովից ծով հերիք է մեզ…Դեռ հարկավոր է այնպես անել, որ դրանց վնասը շրջակա միջավայրին մինիմալ դառնա, իսկ մենք նորն ենք բացում:
-Ոմանք այն կարծիքին են, որ վարչապետին ինչպես հարկն է, չեն զեկուցում խնդրի մասին:
-Դա նման է խորհրդային տարիներին տարածված այն մտայնությանը, թե, իբր, Ստալինը չգիտեր, որ ժողովրդին կոտորում են…Զեկուցելը ո՞րն է: Նա ամեն ինչ գիտի: Եթե Փաշինյանին սխալ են զեկուցում, թող զանգի ինձ, ես կզեկուցեմ, ինչպես պետք է: Հիմա վարչապետը շատ բարդ իրավիճակում է հայտնվել: Ըստ երեւույթին, նրա շրջապատում կան շահառուներ, մարդիկ, որոնց համար ձեռնտու է հանքի շահագործումը: Չեմ բացառում կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը: Փաշինյանը գորշ կարդինալների այնպիսի շրջապատ ունի, որ ամեն ինչ էլ հնարավոր է: Ըստ երեւույթին, կա մի բան, որի մասին մեզ չեն ասում: Բայց ինչ անում են, թող մեր երեխաների առողջության հաշվին չանեն: Թող հանգիստ թողնեն սարերն է՛լ, երկիրն է՛լ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՎ ՈԳԵՎՈՐՎԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները օրերս շրջայց են կատարել Գյումրիում, ուսումնասիրել են պատմական քաղաքի կառույցները, ճարտարապետությունը, հետաքրքրվել են շենքերի սեյսմակայունությամբ։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ իր համար շատ կարեւոր է պատմական շենքերի գնահատումը։
«Մենք սպասել ենք՝ հասկանալով, որ ունենք պատմական քաղաք, պատմական շենքեր, «Կումայրի» արգելոց- թանգարանը։ Գյումրին յուրահատուկ քաղաք է Հայաստանի Հանրապետությունում, կուզենայինք, որ այն` որպես պատմական քաղաք, անպայման ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ մտներ։ Ֆրանսիայի դեսպանը, տեսնելով մեր քաղաքը, նույնպես շատ մեծ հակում ունի, որպեսզի այն մտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, դրա համար ձեր այցը շատ ենք կարեւորում»,-շեշտել է Բալասանյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանից հետաքրքրվեց՝ ինչ կտա Հայաստանին այն, որ Գյումրին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաք:
«Այն կարելի է դրական համարել։ Սակայն խնդիրն այն է, որ Գյումրիում եւ, առհասարակ, Հայաստանում, շատ դժվար է ինչ-որ չափով ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գործող պահանջները։ Քանզի մեզանում ՝ թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի մեջ դեռեւս չի ձեւավորվել մեր արժեքների նկատմամբ պահպանություն իրականացնելու հարգանքն ու պատասխանատվությունը։ Այնպես որ, մեր արժեքների պահպանությունը նախեւառաջ պետք է մեր իշխանությունների եւ յուրաքանչյուրիս հոգու ու մտքի պահպանության ցանկերում լինեն»,-նկատեց մեր զրուցակիցը:
Նա ընդգծեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այնքան էլ լուրջ չպետք է վերաբերվել։ Հայագետի բնորոշմամբ՝ այն կողմնապաշտ կազմակերպություն է, եւ Գյումրու հարցում ամենեւին էլ ոգեւորվել պետք չէ։
«Հիշեցնեմ, որ այդ կազմակերպությունը մինչեւ այսօր ոչինչ չի արել Նախիջեւանի հայկական ողջ ժառանգությունը 1998-2006թթ. այդ կազմակերպության անդամ Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկելու համար, որի ընթացքում իսպառ գետնի երեսից վերացվեց շուրջ 27 հազարի հասնող պատմամշակութային հուշարձան։ Քանզի այդ կազմակերպության նախագահները կաշառվել էին Ադրբեջանի կողմից եւ լլկվել են մինչեւ օրս։ Իսկ Հայաստանն էլ իր հերթին մոռացության է տալիս այս ամենը: Ժողովրդական իմաստուն խոսքով ասած՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»,-եզրափակեց նախիջեւանագետը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց իր պաշտոնը լքելու մասին:
Հիշեցնենք, որ մասնագետը Հայաստանի հունահռոմեական հավաքականի հետ աշխատում էր 1999 թվականից, որի ընթացքում նրա գլխավորած հավաքականը տվել է 1 օլիմպիական, 7 աշխարհի եւ 14 Եվրոպայի չեմպիոններ:
ՏՈՄՍԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ` 1000 ԴՐԱՄ
Սեպտեմբերի 5-ին եւ 9-ին Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կանցկացնի երկու հանդիպում` համապատասխանաբար մրցելով Իտալիայի ու Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականների դեմ: ՀՖՖ պաշտոնական կայքը արդեն հրապարակել է այդ խաղերի տոմսերի արժեքները:
Իտալիայի դեմ խաղում տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-ից 12000 դրամի սահմաններում, իսկ Բոսնիայի եւ Հերցեգովինայի դեմ խաղի տոմսերը` 1000-ից 9000 դրամի: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանի հետ, ով մեզ հայտնել է, որ տոմսերի արժեքների փոփոխությունը կապված է ՀՖՖ-ի վարած տոմսային քաղաքականության հետ. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տոմսային քաղաքականության ռազմավարությունը ներկայացված է դեռեւս փետրվար ամսից, այսինքն` կարող էին բոլորն իմանալ սպասվող խաղերի տոմսերի գները:
Հայաստան – Իտալիա խաղի մասին նախ ասեմ, որ տոմսերի 50%-ը` 7000-ից ավելի տոմս, հասանելի են 1000 դրամով, իսկ 12000 դրամանոց տոմսերը Արեւմտյան տրիբունայի միայն մեկ հատվածին են վերաբերում: Այսպիսով, Հայաստան – Իտալիա խաղին իրենց կարող են թույլ տալ ներկա գտնվել բոլոր խավի մարդիկ»,- ասել է Եգանյանը:
ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՐԱԳ Է ԱՊԱՔԻՆՎՈՒՄ
Իսպանական Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» աստղային նորեկ Էդեն Ազարը կկարողանա մասնակցել Լա Լիգայի 3-րդ տուրի «Վիլիառեալի» դեմ հանդիպմանը: Աղբյուրի տեղեկություններով` Ազարը կկարողանա մասնակցել նաեւ Բելգիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի 2 հանդիպումներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Ազարը չի կարող մասնակցել նաեւ ազգային հավաքականի խաղերին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ