Մոտ օրերս հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ուշագրավ հայտարարություն էր արել: «Երեւանում կտրել են գրեթե ամբողջ կանաչությունը։ Ես հասկանում եմ, եղել են դժվար տարիներ, եւ մարդիկ կտրել են այգիներն ու անտառները, որ վառարան վառեն։ Բայց հիմա 2019 թվականն է, ոչ թե 1992-ը։ Անտառները եւ այգիները իրենց մեջ են ներառել թույներն ու փոշին՝ փոխարենը թթվածին տալով։ Իսկ հիմա քաղաքը շրջապատող բլուրները վերածվել են աղտոտված անապատի»,-գրել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթին այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Ի պատասխան Երեւանի կանաչ տարածքների կրճատման եւ շրջապատող բլուրների աղտոտված անապատների վերածման տեսակետի` տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը մեկնաբանություն չունի, քանի որ անհասկանալի է, թե կոնկրետ որ բլուրներն է նկատի ունեցել ռուս բլոգերը»: Ապա քաղաքապետարանի լրատվական ծառայությունը մանրամասն սկսել է նկարագրել կանաչ տարածքների հետ կապված աշխատանքները:
«Ավելի քան 30 հա տարածքներ համալիր միջոցառումների արդյունքում (տարածքի բարեկարգում, ոռոգման ցանցի անցկացում, գիտելիքահեն մեթոդներով կանաչապատաում) կկանաչապատվեն եւ կբարեկարգվեն (Սարալանջ, Նուբարաշենի խճուղի, Սիլիկյան թաղամաս, Ծիծեռնակաբերդի հատված, Արաբկիր զբոսայգի, Աբովյան պուրակ, Սարյանի պուրակ)՝ հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները, օդի աղտոտվածության մակարդակը եւ ծառատեսակների ու թփերի էկոլոգիական կայունությունը եւ սանիտարահիգիենիկ գործառույթները»: