Տարիներ շարունակ «Կողբաքար» ՍՊԸ-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարությունից ունենալով համապատասխան թույլտվություն, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշենի ենթաշրջանում` Պտղավան գյուղի տարածքում, հայ-վրացական սահման հանդիսացող Դեբեդ գետից խճաքար է արդյունահանել եւ այն իրացրել: Այդ ընկերությունը գործում է օրենքի շրջանակներում, գործում է հարկային դաշտում:
Հայաստանում իշխանափոխությունից հետո ընկերությունը չի կարողանում Դեբեդից խճաքար արդյունահանել: «Կողբաքար» ՍՊԸ տնօրեն Մերուժան Փաշիկյանն այդ կապակցությամբ նախկինում գրավոր դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, սակայն հարցը չի լուծվել:
Նոյեմբերյանի տարածաշրջանի ճանապարհների ընթացիկ եւ ձմեռային պահպանության, նորոգման աշխատանքների համար խճաքար չկա, քանզի խճաքար մատակարարող «Կողբաքար» ՍՊԸ-ն հնարավորություն չունի Դեբեդից այն արդյունահանելու: Մնում է Վրաստանից գնել Հայաստանի տարածքից Դեբեդի քշած, հարեւան երկրի տարածքում կուտակված խճաքարը: 2018թ. նոյեմբերի 28-ին` Նիկոլ Փաշինյանի` Նոյեմբերյան քաղաք նախընտրական այցի ժամանակ, նամակ հանձնվեց Փաշինյանին, որպեսզի լուծվի «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդից խճաքար արդյունահանելու թույլտվության հարցը: 2019թ. հոկտեմբերի 17-ին` Նոյեմբերյան քաղաքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի, Հայկ Գեւորգյանի եւ Սիսակ Գաբրիելյանի հետ նոյեմբերյանցիների հանդիպման ժամանակ, Մերուժան Փաշիկյանը խնդրի վերաբերյալ նամակ հանձնեց Սիփան Փաշինյանին: Մերուժան Փաշիկյանը հայտնեց, որ խճաքար արդյունահանելու վերաբերյալ առկա է ՀՀ բնապահպանության նախարարության ՇՄԱԳ դրական եզրակացությունը:
Այդ խնդրի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչությունում հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրում է «Կողբաքար» ՍՊԸ-ի կողմից Դեբեդ գետից խճաքար արդյունահանելու օրինականության խնդիրը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 2019թ. նոյեմբերի 27-ին հաշվի առնելով «Կողբաքար» ՍՊԸ-ի գրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածով, որոշել է Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող «Կողբաքար» ՍՊԸ-ին հատկացված ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրն ուսումնասիրելու նպատակով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որի ղեկավար է նշանակել Տավուշի մարզպետարանի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի վարիչ, մարզային հողային պետական տեսչության պետ Արծրուն Նազարյանին: Մարզպետը հանձնաժողովի նախագահին հանձնարարել է խնդրի վերաբերյալ ուսումնասիրությունների մասին 15-օրյա ժամկետում իրեն ներկայացնել տեղեկատվություն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ