Հայաստանի եւ Իրանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջեւ էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային կտրվածքով հաշվառումը կիրականացվի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու հետ միաժամանակ: Տեղեկացնենք, որ 2017 եւ 2018 թվականների ընթացքում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Հայաստանը Իրանին պարտք էր կուտակել:
Խնդիրն այն է, որ հաշվառումն իրականացվում էր հաշվարկային ժամանակահատվածի վերջում ձեւավորված տվյալների հիման վրա, որը չէր արտացոլում Հայաստանից դեպի Իրան փոխհոսքերի շրջանակներում արտահանված էլեկտրական էներգիայի իրական պատկերը: Եւ մեզ հայտնի դարձավ, որ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առեւտրային կանոնների 8-րդ եւ 9-րդ բաժիններում կատարվել են էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը ժամային կտրվածքով իրականացնելու վերաբերյալ փոփոխություններ:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ փոփոխությունները կիրառության մեջ կդրվեն 2020 թվականի փետրվարի 1-ից: Այսինքն` մշակվել են էլեկտրաէներգիայի նոր առեւտրային կանոններ, որոնք նախատեսված է գործողության մեջ դնել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Բայց, ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, գործող կանոններով ամրագրված հաշվառման պարագայում նվազեցվել է էլեկտրական էներգիայի կուտակված պարտքի մեծությունը:
Ս.Հ.