Ունեմ ամեն ինչ՝ երջանիկ լինելու համար. ի՞նչ է խնդրում Ելենա Վարդանյանը՝ Ձմեռ պապիկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ամսից Ամանոր է, եւ հետաքրքիր է՝ ինչպես են տոնին պատրաստվում շոուբիզնեսցիները: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել նախաամանորյա զրույցների շարք հայ աստղերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն է, որը հայտնի է նաեւ մի շարք հեռուստանախագծերից: Ելենան պատմել է, որ հավատում է ամանորյա հրաշքին եւ ցանկանում է, որ 2020 թվականին իր սիրելի մարդիկ երջանիկ լինեն եւ իր կողքին: Դերասանուհին խոստովանել է, որ տարվա ընթացքում առավել զուսպ է, իսկ Ամանորին իրեն թույլ է տալիս ճաշակել սիրելի ուտեստները: Ելենան նաեւ նշել է, թե գալիք տարում գործնականին առնչվող ինչ ցանկություններ ունի:

-Ելենա՛, հավատու՞մ եք ամանորյա հրաշքին, Ձմեռ պապիկին:

– Ասել, որ հավատում եմ Ձմեռ պապիկին, սուտ կլինի, բայց ամանորյա հրաշքին, իհարկե, հավատում եմ: Իսկ երբ հավատում ես, հրաշքներ անպայման կատարվում են:

-2020 թվականը սպիտակ առնետի տարի է, ի՞նչ եք խնդրում խորհրդանիշ կենդանուց:

-Ամեն տարի ես խնդրում եմ երջանկություն եւ առողջություն իմ հարազատների, մտերիմների համար՝ ծնողներիս, ամուսնուս, որդուս եւ մյուսների: Ահա այն միակ երազանքը, որ պահում եմ: Փառք Աստծո, ես ունեմ ամեն բան երջանիկ լինելու համար: Ես նկատի չունեմ նյութական արժեքները: Իմ ծնողները ողջ-առողջ են, իմ քույրը, ամուսինս կողքիս են, երեխաս առողջ է. այդ ամենն ինձ համար ամենակարեւորն է այս կյանքում: Այս պրիզմայից դուրս երեւի ցանկությունս կարող է կապված լինել աշխատանքի, ցանկալի դերի հետ:

-Իսկ նյութական ցանկություն չունե՞ք՝ տո՞ւն, մեքենա՞, զարդե՞ր…

-Ոչ, եթե խոսքը հրաշքների մասին է, ուրեմն դրանք վերաբերում են հոգեւոր դաշտին:

-Ամանորյա ուտեստներից որո՞նք եք ամենաշատը սիրում: Այդ օրերին հանգիստ ճաշակո՞ւմ եք ամեն բան, թե՞ մտածում եք դիետաների մասին:

-Անկեղծ ասած, բոլորն էլ սիրում եմ: Սովորաբար Ամանորին ազատվում ես բոլոր կարգի «կապանքներից» եւ ուտում ես այն, ինչ սիրտդ ուզում է: Այդ օրերին ամեն ուտեստ համեղ է թվում: Իհարկե, մայրաքաղաքային աղցանն, օրինակ, շատ եմ սիրում:

-Իսկ Դուք պատրաստու՞մ եք Նոր տարվա համար, թե՞ նախընտրում եք պատվիրել ուտեստները:

-Ես ե՛ւ պատրաստում եմ, ե՛ւ ինձ օգնում է մայրս:

-Իսկ տոնածառը զարդարելու գործն ո՞վ է ստանձնում Ձեր տանը:

-Ես եւ ամուսինս, միասին ենք զարդարում: Բալիկս 1 տարեկան 9 ամսական է, դեռ չի գիտակցում՝ տոնական օր է, թե ոչ, օրվան առնչվող, սակայն, վառ գույները նրան շատ են գրավում, անկեղծորեն ուրախանում է այդ ամենով:

-Ամանորին նվերներ գնու՞մ եք սիրելիների համար, կեսգիշերն անց հանձնու՞մ եք նրանց:

-Այո, իհարկե, անպայման: Մենք բոլորս թե՛ տանը, թե՛ ընկերների շրջապատում միմյանց գնում ենք հաճելի նվերներ, բացառություններ չեն լինում: Կեսգիշերին գավաթները բարձրացնում ենք եւ խմում գալիք տարվա հաջողությունների կենացը:

-Իսկ բեմին, էկրանին առնչվող ի՞նչ գործնական ծրագրեր, ցանկություններ ունեք 2020 թվականի հետ կապված:

-Անկեղծ ասած, ես կցանկանայի լավ, որակյալ նախագծերում ընդգրկվել` կլիներ դա թատրոնում, թե հեռոստատեսությունում: Կցանկանայի, որ այն աշխատանքը, որը կանեի, ինձ համար հետաքրքիր լիներ, ամեն տարի ավելի հետաքրքիր, քան նախորդ տարում: Ի դեպ, հիմա Ստանիսլավսկու թատրոնում պատրաստվում ենք ամանորյա ներկայացման՝ մանկական հեքիաթի հիման վրա: Մենք, ինչպես ամեն տարի, այս տարի էլ փոքրիկների համար պատրաստում ենք ուրախ անակնկալ: Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կշարունակվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս