Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:
Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:
***
Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով.
«Մեծարգո պարոն նախագահ,
Պետական այրեր,
Օտարերկրյա դեսպաններ,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, դոկտոր Կանադե,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համ¬աշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրության, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։
Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների։
2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար:
Հայաստանն իր դիրքերն ամրա¬պնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակ¬ներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների:
Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համ-աշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին:
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և ողջ անձնակազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար։
Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարավորություններով համ¬աշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկաներ դուրս գալու և համա-գործակցության հարթակներ ձևավորելու համար։
Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։
Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորա¬րարական տեխնոլոգիաների լեզվով։
Հայաստանն ու հայությունը աշխարհին տվել են այնպիսի գիտնա¬կաններ ու գյուտարարներ, որոնց աշխա¬տու¬թյունները մեծ ազդեցություն են ունեցել գիտության և արդյունաբերության տարբեր ճյուղերում։
Մեր երկիրն իր տեխնոլոգիական ու գիտական ներուժի, ինչպես նաև ձեռքբերումների շնորհիվ ժամանակին կոչվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»։
Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանա¬կության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքա¬հեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակ¬ցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են։
Պարոն Կանադե, մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետու¬թյան պետական մրցանակին արժանա¬նալու առիթով: Հուսով եմ, որ Ձեր ուրույն հետքը կթողեք նաև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, իսկ Հայաստանը Ձեզ համար կդառնա ամենաբարդ խնդիրները լուծելու հիմնական վայրերից մեկը:
Մեկ անգամ ևս՝ բարի գալուստ տեխնոլոգիական արդյունաբերական ռազմավարություն ունեցող երկիր Հայաստան։
Դուք այստեղ մի՛շտ ցանկալի ու շատ սպասված հյուր եք:
Շնորհակալություն»։
Տակեո Կանադեն ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Պարոն Կանադեն ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարչող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը: