Ամանորի գիշերը Ձմեռ պապիկի շորեր հագած հարևանների երեխաներին եմ ուրախացնում. Պաուզա Անո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա հարցազրույցների շարք հայտնիների հետ: Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա պատմել է Ամանորին վերաբերող ավանդույթների մասին, որոնց հատուկ հետեւում է: Պարզվում է՝ դերասանուհին իրենց շենքի Ձմեռ պապիկն է. հենց գալիս է Նոր տարվա գիշերը, հագնում է Ձմեռ պապիկի շորերն ու այցելում հարեւանների երեխաներին: Մեր զրուցակիցը Ձմեռ պապիկից առողջություն է խնդրում, քանի որ այժմ էլ ունի առողջական որոշ խնդիրներ, հնարավոր է՝ առաջիկայում ենթարկվի վիրահատության:

-Այս տարի որտե՞ղ եք նշելու Ամանորը եւ ու՞մ հետ: Նախընտրում եք մնալ տա՞նը, թե՞ ռեստորանում անցկացնել տոնական օրը:

-Տանը մայրիկիս հետ, ինչպես միշտ: Դա ավանդույթ է: Ես մայրիկիս միայնակ չեմ թողնում, սիրում եմ Ամանորը տանը դիմավորել, իհարկե, եթե աշխատանքի չեմ լինում: Մի քանի տարի այնպես է ստացվել, որ աշխատանքի եմ եղել, ստիպված եմ եղել համերգների մասնակցել ու Նոր տարին էլ Հանրապետության Հրապարակում եմ նշել` տոնածառի տակ: Այս տարի միջոցառման հրավեր դեռ չկա:

-Մայրիկին օգնու՞մ եք ամանորյա ուտեստների պատրաստման հարցում:

-Մայրիկն է ինձ օգնում (ծիծաղում է): Հենց դարձել եմ չափահաս, մայրս Ամանորին էլ ոչինչ չի պատրաստել, հանձնել է խոհանոցն ինձ: Առհասարակ, խոհանոց շատ եմ սիրում, հաճախ եմ համեղ ուտեստներ պատրաստում, մայրս էլ օգնում է ինձ:

-Ո՞ր ուտեստն եք առանձնակի հաճույքով պատրաստում Ամանորին:

-Ամենաշատը սիրում եմ պասուց տոլմա, հետո` նրբաբլիթ ու մայրիկիս համար խոզի բուդ, որը էլի ես եմ պատրաստում, չեմ պատվիրում: Բուդը մայրս շատ է սիրում, բայց ես չեմ ուտում:

-Տունը, սեղանը զարդարու՞մ եք հատուկ ձեւով: Հետեւու՞մ եք ցուցումներին, թե որ տարում ինչպես պետք է զարդարել սեղանը, ինչ պետք է հագնել Ամանորի գիշերը եւ այլն:

-Չէ, թիթիզ բաներ չեմ սիրում: Իհարկե, կարող եմ ամեն ինչն էլ ձեւավորել, բայց ես հասարակ ինտերիերի կողմնակից եմ: Առանձնակի չեմ սիրում նկարվել սեղանի հետ, ուտելիքը նկարել…

-Ովքե՞ր են կեսգիշերին այցելում Ձեր տուն: Կա՞ հատուկ ավանդույթ:

-Եղբայրս է Գյումրիից ընտանիքով գալիս, բայց ոչ ամեն տարի: Նա, ով միշտ կողքիս է, մայրս է: Կան մարդիկ, որոնք կեսգիշերին անպայման այցելում են, հիմնականում ընկերուհիներս են: Բայց գալիս, սպասում են ինձ, որովհետեւ ես սովորաբար Ձմեռ պապիկի շորեր հագած հարեւանների երեխաներին եմ ուրախացնում: Ես ունեմ Ձմեռ պապիկի շորեր, եւ հարեւանների տուն գնալն արդեն ավանդույթ է: Դա գումար աշխատելու համար չէ, ուղղակի հաճելի պրոցես է: Այս տարի էլ չեմ խախտելու ավանդույթը:

-Ամանորյա հրաշքին հավատու՞մ եք:

-Այո, Նոր տարին շատ եմ սիրում, նաեւ Զատիկն է իմ սիրելի տոնը:

-Նախապես հարազատներին նվերներ գնու՞մ եք: Սիրու՞մ եք այդ պրոցեսը:

-Այո, առաջինը մայրիկիս համար եմ նվեր պատրաստում, հետո մյուս մտերիմներիս սիմվոլիկ նվերներ եմ հանձնում: Այդ պարագայում ուշադրությունն է կարեւորը, ոչ թե նվերի չափն ու գինը:

-Ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից գալիք տարվա համար:

-Ինձ՝ առողջություն, բոլորից շատ ինձ է դա հարկավոր, որովհետեւ հիմա էլ ունեմ առողջական խնդիրներ: Դեռ առջեւում էլ կարող են վիրահատություններ լինել: Խաղաղությունն ու երջանկությունը մենք ենք ստեղծում… Ես ուզում եմ, որ մարդիկ ուրախ լինեն, բարությամբ լցվեն, որ մարդիկ միշտ ժպտան, անհոգ լինեն:

-Նյութական նվեր չե՞ք խնդրում:

-Ոսկեղեն չեմ ուզում, հարստություն չեմ ուզում, թող ունեցվածքը լինի այնքան, որքան իսկապես պետք է բարեկեցիկ կյանքով ապրելու համար:

Անի Անտոնյան




Լրահոս