Ինչու է «Ցոլք» ընկերությունը տուգանվել 150 հազար դրամով, այլ ոչ նախատեսված 600 հազարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին՝ մարտի 14-ին, «Ցոլք» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում է կատարել: Ստուգման արդյունքում հարկ վճարողի մոտ արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում, եւ տուգանվել է 150 հազ. դրամ:

Սա այն դեպքում, երբ, ըստ որոշ տեղեկությունների, «հանրային սնունդ» գործունեության ՀԴՄ խախտումը տարվա ընթացքում առաջին անգամ տուգանվում է 600 հազար դրամով: «Ցոլք»-ը հենց այդ գործունեությամբ է զբաղվել: Ինչո՞ւ է ՊԵԿ-ը կողմնակալ վերաբերվել այս ընկերությանը: ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին. ««Ցոլք» ՍՊԸ-ն, բացի հանրային սննդի ծառայությունից, ունի նաեւ վաճառակետ, որտեղից էլ 14.03.2019 թվականին հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում իրականացնող հարկային տեսուչների կողմից կատարվել է գնում, որից հետո վաճառակետում չեն տրամադրել ՀԴՄ կտրոն: Արդյունքում, արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում եւ առաջադրվել տուգանք` 150.000 դրամի չափով /առաջին դեպք/:

Այն դեպքում, երբ այդ ծառայությունը մատուցվեր ոչ թե վաճառակետում, այլ հանրային սննդի կետում, այլ կերպ ասած` տեսուչները պատվեր կատարեին եւ տեղում սնվեին, եւ չտրամադրվեր ՀԴՄ կտրոն, ապա, այո, կտուգանվեր 600 դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով»:

«Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը ստեղծվել է 1997թ.-ին, հիմնադիրն է Հարություն Շիրինյանը:

Տեղեկացնենք, որ այս ընկերությունը գործունեություն իրականացնում է հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին պատկանող շենքում՝ Երեւանի Տիգրան մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքում: Ժամանակին, ի դեպ, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Հանարդնախագիծ»-ի նկուղային հարկում գործող հանրային սննդի օբյեկտը առնչություն ունի Արամ Հարությունյանի փեսայի՝ ոմն Արշակի հետ:




Լրահոս