Երեկ կառավարության դիմաց թեժ իրավիճակ էր ստեղծվել. 26 տարի առաջ՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանի էքսկլավից՝ հայկական տարածքից տեղահանված արծվաշենցիները փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արծվաշեն սահմանամերձ համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ կառավարությունից բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին փոխանցել են, որ վարչապետն այս պահին չի կարող ընդունել նրանց, սակայն տեղյակ կպահեն նրան խնդրի մասին:
«Դիմել ենք մարզպետին, մարզպետը շահախանդիր է, և պատրաստ է մեր հետ միասին խնդիրը լուծել: Անկեղծ ասած գյուղացիների և մեր միջև անհամաձայնություն է եղել, մենք չէինք ուզում կառավարության դիմաց ակցիա իրականացնել, քանի որ անցած տարի արդեն մեկ անգամ կառավարության դիմաց հարցը բարձրացրել էինք, բայց ժողովուրդը չլսեց…»,-ասաց նա:
Արծվաշեն համայնքի ղեկավարի խոսքով՝ արծվաշենցիների պահանջը մեկն է՝ 633 բնակչի մոտ 6 միլիարդի չափով փոխհատուցում տալ. «Ժողովուրդը պատերազմական գոտուց հաշված ժամերի ընթացքում դուրս են եկել, և քանի որ պետությունն է մարդկանց տարհանումը կազմակերպել, ապա նա էլ պարտավոր է բնակիչների կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում տրամադարել»:
Ըստ մեր զրուցակցի՝ թե’ նախկին,և թե’ ներկայիս իշխանությունների օրոք բնակիչները մշտապես պահանջել են կառավարությունից փոխհատուցումը վերադարձնել:
Նշենք, որ 2009 թվականին եղել է 6 միլիարդի չափով փոխհատուցում տալու մասին կառավարության որոշում, սակայն 2011-ին տրվել է դրա տասը տոկոսը. մասնակի փոխհատուցում է տրվել՝ ամեն շնչին 360 հազար դրամ գումարի չափով:
Անդրադառնալով նաև սահմանային իրավիճակին՝ Մամիկոն Խեչոյանն ասաց, որ սահմանային միջադեպեր լինում են, բայց այս պահին խաղաղ է, քանի որ դիրքերը հսկում են մեր տղաները:
Լիդա Եղիազարյան