Հերքում պահանջում են բացառապես այն դեպքում, եթե լրատվամիջոցը սխալ տեղեկություն է հրապարակել։ «Օդից» հերքում պահանջելը քաղաքապետարանի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան անձնական էջով «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հրապարակման համար չի նշանակում ասել ճշմարտությունը:
Ի՞նչ է գրում խոսնակը. հղում անելով ՀՀ ԱՆ ռեգիստրին` ասում է, թե քաղաքապետը 2018-ի հոկտեմբերի 10-ից այլեւս «Երկուսուկես» ընկերության տնօրեն չէ։
Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակումը պատրաստել է բացառապես ՀՀ ԱՆ ռեգիստրի տվյալներով։ Լուսանկարի փաստաթղթում հստակ ընդգծումով երեւում է, որ ինֆորմացիան ներբեռնվել է 2019-11-27 ամսաթվով ու այդ օրվա դրությամբ Մարությանը դեռ ընկերության տնօրեն է, ինչը «ՏԻՄ մասին» օրենքի խախտում է։
Բոլոր տեղեկությունները պարզորոշ երեւում են փաստաթղթում, իսկ թե ինչպես, ինչ կախարդական փայտիկով այդ տեղեկությունները քաղաքապետարանի պաշտոնյայի ձեռքին եղած թղթում փոխվեցին հենց այս օրերին, անհասկանալի է։ Սա, թերեւս, իրավապահների, փորձագետների պարզելու հարցն է, ու քաղաքապետ Մարությանն ինքը, անշուշտ, կկարողանա նրանց օգնել հերքման պահանջը ոչ հասցեական ներկայացնելուց առաջ: