Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:

Պատգամավորներն այցելել են Ռիկսդագ, որտեղ հանդիպել են կրթության հանձնաժողովի նախագահ Գունիլա Սվանտորպի հետ: Շվեդական կողմը ներկայացրել է կրթության ասպարեզում իրենց ձեռքբերած հաջողությունները: Քննարկվել են կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մխիթար Հայրապետյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը եղել են նաեւ շվեդական հայտնի «Ֆրուշուսետ» երիտասարդական կազմակերպությունում, որտեղ խրախուսում են պատանիների զարգացումը եւ նրանց կրթական նոր հնարավորություններ ընձեռելը: Մխիթար Հայրապետյանի խոսքով` առաջիկայում նախատեսվում է նմանատիպ մի կենտրոն հիմնել նաեւ Երեւանի արվարձաններից մեկում:

Հաջորդիվ խորհրդարանականները Շվեդիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ այցելել են Շվեդիայի՝ մեծությամբ չորրորդ` Ուփսալա քաղաք, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի գյուղատնտեսական գիտությունների, ինչպես նաեւ Ուփսալայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետ հայ պատգամավորները քննարկել
են հայկական բուհերի հետ Ուփսալայի համալսարանի համագործակցության հեռանկարները:

Համալսարանում շրջայցից հետո Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել շուրջ 6 դար գործող համալսարանի գրադարանի այցելուների մատյանում:




Լրահոս