Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կրկին արդիական դարձավ Արցախի՝ հակամարտության բանակցային գործընթացին մասնակցության հարցը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարեց, որ ինքը միանձնյա հարցը չի լուծելու: Խնդիրը պետք է կարգավորվի նաեւ Արցախի ժողովրդի համաձայնության դեպքում միայն: Եւ պարզվում է՝ դեռ ոչ շատ հեռավոր 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել նաեւ հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
Այս բացահայտումը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա մեզ հետ հեռախոսազրույցում գաղտնազերծեց մի կարեւոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ղեկավարների հետ (տե՛ս լուսանկարը): «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա․ Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրեջանի եւ ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։ Այսինքն՝ Ադրբեջանում դեռ 1993-ից ընդունել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսօր արդեն Արցախի Հանրապետության) գոյությունը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե: Այս փաստաթուղթը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ բանակցային գործընթացում, եթե հայկական կողմը սկսի լրջորեն առաջ տանել հենց հայր Ալիեւի ձեւակերպումը:
Այս կարեւոր բացահայտումը հատկապես հետաքրքիր է նախօրեին տեղի ունեցածի ֆոնին, երբ Սլովիակիայի մայրաքաղաքում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ դրեց իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Էլմար Մամեդյարովը, ինչպես հետագայում պարզվեց, իր հետ Բրատիսլավա էր տարել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված` պաշտոնական Բաքվի պատկերացրած քայլերի մասին մի փաստաթուղթ, որում ասվում է․«Առաջին քայլը պետք է դառնա հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից»: Հաջորդիվ Բաքուն պահանջում է ադրբեջանական բնակչության վերադարձ` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ:
Ստացվում է՝ Ադրբեջանը շեղվել է հայր Ալիեւի սկզբունքներից, քանի որ մեր ձեռքի տակ հայտնված փաստաթուղթն ու ձեւակերպումներն, ըստ էության, հակասում են Ադրբեջանի հիմնական ձեւակերպումներին եւ հիմնավորում Արցախի անխուսափելի մասնակցությունը բանակցություններին։
«Ղարաբաղյան կոնֆլիկտին վերաբերող առաջին իրավական հիմքը կարելի է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Որոշ հայ դիվանագետների շրջանակներում ընդունված է համարել, որ այդ չորս բանաձեւերը չունեն դրական ձեւակերպումներ, դրանցում, սակայն, առկա են մի շարք սահմանումներ եւ կարգավորումներ, որոնք, ըստ էության, կարող են հիմք հանդիսանալ Արցախի` բանակցություններին մասնակցությունը հիմնավորելու, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի առաջ քաշած փաստարկը` բանակցություններին Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի մասնակցության վերաբերյալ, իրավական առումով հերքելու տեսանկյունից», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախ կարեւորեց իրավաբանական գիտությունների դոկտոր Կոստանյանը:
Նա մի քանի փակագծեր բացեց առաջ քաշված պնդումների շուրջ։ «Մասնավորապես, վկայակոչված չորս բանաձեւերում առանձնանում են իրավահարաբերության երեք մասնակից` Հայաստան, Ադրբեջան եւ Տեղական հայկական ուժեր (տեղական հայկական ուժեր, հայկական ուժեր եւ այլ ձեւակերպումներով): Այսինքն` ղարաբաղյան կոնֆլիկտի շրջանակներում առկա են իրավահարաբերության բացառապես նշված երեք մասնակիցները: Այդ մասնակիցներից յուրաքանչյուրի համար բանաձեւերում սահմանված են առանձին հստակ պարտականություններ:
Այս պահին առաջնահերթ չհամարելով անդրադառնալ Ադրբեջանի եւ Տեղական հայկական ուժերի համար սահմանված պարտավորություններին` հստակ արձանագրեմ միայն, որ Հայաստանի Հանրապետության համար սահմանված է բացառապես մեկ սպառիչ պարտականություն` Security Council Resolutions N 853 (1993) point 9 «Urges the Government of the Republic of Armenia to continue to exert its influence to achieve compliance by the Armenians of the Nagorno-Karabakh region of the Azerbaijani Republic with its Resolution 882 (1993) and the present resolution, and the acceptance by this party of the proposals of the Minsk Group of the CSCE» եւ N 884(1993) point 2 «Calls upon the Government of Armenia to use its influence to achieve compliance by the Armenians of the Nagorny Karabakh region of the Azerbaijani Republic with resolutions 822 (1993), 853 (1993) and 874 (1993), and to ensure that the forces involved are not provided with the means to extend their military campaign further», – նշեց Կոստանյանը:
Նրա խոսքով` սույն փաստաթղթում խնդրո առարկան չի վերաբերում պարտավորությունների բովանդակային կողմին, եւ ձեռնպահ մնաց դրա քննարկումից: Միայն փաստեց, որ Հայաստանի Հանրապետության համար նշված չորս բանաձեւերում սահմանվել է բացառապես մեկ պարտավորություն` օգտագործել իր ազդեցությունն Արցախի հայերի նկատմամբ: «Այստեղից հետեւում է, որ բանակցային գործընթացին Հայաստանի Հանրապետության ներգրավումն իր հիմքում սկզբնապես սահմանափակվել է բացառապես Արցախի հայերի նկատմամբ ունեցած ազդեցության փաստով, եւ ոչ ավելին: ՄԱԿ ԱԽ բանաձեւերում սահմանված պարտավորությունների հիմնական սուբյեկտը եղել է պայմանական այն «միավորը», որը կոչվել է «տեղական հայկական ուժեր», «տեղական ուժեր» եւ այլն:
Նշված փաստով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարության միջեւ կնքվել կամ պայմանավորվել են հրադադարի ռեժիմի սահմանման բազմաթիվ փաստաթղթեր (օրինակ՝ Հեյդար Ալիեւի կողմից ԼՂՀ ղեկավարությանն ուղարկված գրությունը): Ընդ որում, այս փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախը` որպես անկախ պետություն: Նման ֆորմատով այս երկու սուբյեկտների միջեւ հրադադարի սահմանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել շուրջ 12 անգամ, մինչդեռ մինչեւ հիմնական հրադադարի պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի պահպահման որեւէ պայմանագիր առկա չէ»,- մանրամասնեց Կոստանյանը:
Եվ նրա խոսքով` այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել որպես իրավահարաբերության սուբյեկտ, հաստատվում է մեկ այլ երկաթյա փաստարկով, որ հիմնական հրադադարի պայմանագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, այլեւ Լեռնային Ղարաբաղի: «Նշված փաստարկները մանրամասն եւ տեւական ժամանակ իմ կողմից քննարկվել են նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի, ԵԽ Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավարներ պարոն Բոայայի, այնուհետեւ պարոն Ջակոմոպոլուսի եւ այլ պաշտոնյաների հետ:
Արդյունքում, պարոն Բոայայի հետ ունեցած վերջին բանակցություններին ինձ հետ պաշտոնապես մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, իսկ Նախարարների կոմիտեյի նիստին մասնակցել, այնուհետեւ ելույթ է ունեցել ԼՂՀ նախագահի խորհրդական պարոն Է. Բաբայանը: Այսինքն` նշված եւ այլ փաստարկները ունեցել են իրենց արդյունավետությունը նաեւ գործնականում` ապահովելով ԼՂՀ պաշտոնյաների մասնակցությունը ԵԽ պաշտոնական միջոցառումների եւ որոշակի գործընթացների», – մանրամասնեց Կոստանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ նաեւ «Չիրագովը` ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններին, որը վերաբերում է ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում` միջազգային իրավունքներ ձեռք բերելու եւ պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի եւ կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին:
«Ի դեպ, ԵԽ Նախարարների կոմիտեում Ադրբեջանի կառավարության փաստարկները կրկնում էին Ադրբեջանի նախագահի փաստարկները` ԼՂՀ ներգրավվածության բացառման եւ (կամ) Ադրբեջանի համայնքի ներգրավվածության վերաբերյալ», – եզրափակեց Կոստանյանը:
Արդյոք ՀՀ կառավարությունն օգտագործո՞ւմ է այս առնվազն երկու փաստարկները, որոնք ունեն փաստաթղթավորված տեսք: Ըստ էության, մի փաստաթղթով իրավաբանորեն ամրագրված է՝ Արցախի՝ որպես բանակցային գործընթացի կողմի մասնակցությունը, եւ երկրորդ՝ Արցախը՝ որպես անկախ պետություն, ընդունելի է եղել դեռ տարիներ առաջ: Կոստանյանը պատասխանեց «Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»:
Նաիրա Հովհաննիսյան