ՀՅԴ-ում իրավիճակը գնալով լարվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` Հայ հեղափոխական դաշնակցությունում վերջին օրերին իսկական հեղափոխական վիճակ է, քանի որ ՀՅԴ գերագույն մարմնում եւ Բյուրոյում ամեն ինչ խառնվել է իրար:

Մեծ իրարանցում է եղել այն բանից հետո, երբ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, թե իրենցից շատերին արտաքսել են իրենց շարքերից, քանի որ իրենք չեն մասնակցել ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիաներին: ՀՅԴ-ում խուճապային իրավիճակ է. ըստ մեր տեղեկությունների` ողջ օրվա ընթացքում ժողովներ են իրականացնում` հասկանալու համար, թե իրենք ինչ հակաքայլերով կարող են հանդես գալ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՆԱՈՒՄ-ը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով. «Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ եւ Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաեւ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը:

Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձեւավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաեւ ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաեւ կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին:

Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը` մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ` մենք` որպես Դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաեւ կուսակցականների, այդ թվում` երիտասարդների հնարավոր ձերբակալությունների մասին եւ հորդորել պատրաստ լինել նման երեւույթների` չվախենալով դրանցից»:

«Ժողովուրդ» օրաթերթի ՀՅԴ աղբյուրները փոխանցում են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ներքին խմորումներ են ընթանում ՀՅԴ-ում: Մեր տեղեկությունների համաձայն` գլխավոր դերում Հրանտ Մարգարյանն է, ով փորձում է կոնկրետ գործողություններ սկսել ներկայիս իշխանությունների դեմ, որին դեմ են եղել շատ ՀՅԴ-ականներ: Չնայած այն բանին, որ Հրանտ Մարգարյանը անգամ ՀՅԴ Բյուրոյի անդամ չէ, բայց ամեն կերպ միջամտում է ՀՅԴ-ականների գործունեությանը: Դա դուր չի գալիս շատերին, ինչը հարուցել է շատերի վրդովմունքը:

Իրավիճակը թեժացել է այն բանից հետո, երբ որոշվել է ամենօրյա ռեժիմով նստացույցեր եւ ակցիաներ իրականացնել ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀՅԴ-ականները իրար գլխի են հավաքվել` հասկանալու համար, թե ինչպես կարող են ՆԱՈՒՄ-ի հայտարարությունից «մաքուր» դուրս գալ: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՅԴ-ականների հետ. Հրանտ Մարգարյանի ու Իշխան Սաղաթելյանի հեռախոսահամարներն անհասանելի էին, իսկ Արծվիկ Մինասյանը կտրականապես մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս