Ինչպես հայտնի է` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ, սակայն պարզվում է` Ֆինանսների նախարարությունը դեմ է այդ համակարգի ամբողջական ներդրմանը: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասնեց այդպիսի տեսակետի պատճառը:
«Աշխատում ենք չլինել կտրուկ մեր տեսակետների մեջ, համարելով, որ ցանկացած տեսակետ գոյություն ունենալու իրավունք ունի: Առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մի կողմից հայտարարել ենք երկրի մրցունակության աճի ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից, ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով»,- նկատեց Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի կամ վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետև նույն վարձու աշխատողը եթե խնայողություններ գեներացներ դրա փոխարեն, ապա կարող էր ինքը ներդրումներ կատարել: «Հիմա կստացվի, որ այդ ներդրման փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված մեր տեսակետը, և կարծում ենք, որ այն պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարն ասաց, թե այս հարցի վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել. «Որովհետև դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ»,- հավելեց նա:
Հարցին՝առողջապահության հարկի վերաբերյալ ֆինանսների նախարությունն ունի՞ նախընտրած շեմ, Ատոմ Ջանջուղազյանը կատակեց.
«Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»: