«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` Հայ հեղափոխական դաշնակցությունում վերջին օրերին իսկական հեղափոխական վիճակ է, քանի որ ՀՅԴ գերագույն մարմնում և Բյուրոյում ամեն ինչ խառնվել է իրար: Մեծ իրարանցում է եղել այն բանից հետո, երբ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, թե իրենցից շատերին արտաքսել են իրենց շարքերից, քանի որ իրենք չեն մասնակցել ՀՅԴ-ի կազմակերպած բողոքի ակցիաներին: ՀՅԴ-ում խուճապային իրավիճակ է:
Հիշեցնենք, որ նախօրեին ՆԱՈՒՄ-ը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով. «Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ եւ Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաեւ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձեւավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաեւ ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաեւ կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին: Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը` մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ` մենք` որպես Դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաեւ կուսակցականների, այդ թվում` երիտասարդների հնարավոր ձերբակալությունների մասին եւ հորդորել պատրաստ լինել նման երեւույթների` չվախենալով դրանցից»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի գերագույն խորհուրդի անդամ Տարոն Տոնոյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բյուրոյում ոչ մի լարվածություն չկա. «Պարտիզանական բառը շահարկում են , քանի որ այն ազդեցիկ բառ է: Դաշնակցությունը, որևէ ծրագիր չունի պետության մեջ պարտիզանական պայքար ծավալել: Հայտարարության մեջ բառերը խեղաթյուրվել են, մտածված նենգափոխում են , որովհետև Դաշնակցությունը գնալով ուժ է դառնում, սկսում են դաշնակցությունից զգուշանալ, դրա համար ամեն ինչ ուռճացվում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար»,-ընդգծեց Տարոն Տոնոյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ Դաշնակցությունում ամեն ինչ գերազանց է ընթանում, կուսակցությունն այս պահին ավելի ուժեղ է, քան առաջ:
Հարցին ՝ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ գերագույն մարմնի հրավիրված նիստին քննարկվել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ առաջարկելու մասին: Արդյոք նման քննարկում եղել է. «Նման քննարկում չի եղել , նման օրակարգ չի եղել, գաղտնի ժողով չի եղել, ովքեր ուսանողներին օգտագործել են, դա նրանց օրակարգն է եղել: Այս Ժողովում հավաքվել և քննարկել են կուսակցական հետագա անելիքները, կազմակերպչական հարցեր ճշտել:
Տարոն Տոնոյանի խոսքով՝ ժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը, նախկին ԳՄ-ի անդամներ, նախկին նախարարներ:
«Հրանտ Մարգարյանը ժողովին հատնել է, որ պետք է ներկա իշխանությունների ցանկացած սխալ ի ցույց դնել, և այդպիսի ելույթները շատ են եղել, ով կասի, որ պետության դեմ պայքարի կոչ է եղել, ապա նա դավաճան է»,-հավելեց ՀՅԴ Բյուրոյի գերագույն խորհուրդի անդամ Տարոն Տոնոյանը:
Լիդա Եղիազարյան