Երևանի «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը:
««2019 թվականի դեկտեմբերի 6-ը անկասկած հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է։ Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքն ու օբյեկտիվության բացակայությունը, դրանով իսկ թաղելով լավ փոփոխությունների հասնելու բոլոր հույսերը։
Ի սկզբանե անտրամաբանական էր որոշումների կայացման սկզբունքը․ թեկնածուներից մեկն էր որոշում, թե մրցակից հավակնորդներից ում թողնել և ում հեռացնել։ Բնականաբար դուրս թողեց, իմ կարծիքով, ամենաուժեղ և ամենաանկախ թեկնածուին՝ Արսեն Աղաջանյանին։ Ի դեպ, հնչեցված պատճառաբանությունը ոչ մի քննադատության չի ենթարկվում, թե իբր Արսեն Աղաջանյանի երկար տարիներ ղեկավարած ակումբները չեն մտնում Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմի մեջ, հետևաբար պրոֆեսիոնալ չեն համարվում։ Այդ որոշումն ընդունողները երևի չգիտեն, որ ըստ կանոնադրության թեկնածուն 2 տարի պետք է առնչություն ունենար ֆուտբոլի հետ՝ ներառյալ սիրողական մակարդակով և պրոֆեսիոնալ սպորտի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Գործկոմի անդամության թեկնածուների ճնշող մեծամասնությունը, ներառյալ ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարող հաստատել, որ 2 տարի առնչություն են ունեցել պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ և համապատասխանաբար, նաև իրավունք չունեն ընտրվելու։ Բայց հասկանալի պատճառներով հանվեց միայն «Փյունիկ» ակումբի առաջադրած թեկնածու Արսեն Աղաջանյանը։
Հայկական ֆուտբոլում իրավիճակը ավելի շատ անհեթեթություն է հիշեցնում։ Նախագահի թեկնածության երկու հիմնական հավակնորդներն այն մարդիկ են, ովքեր վերջերս հայտարարել էին, որ պաշտոնաթող են լինում, քանի որ չէին կարողացել կատարել իրենց պարտականությունները և հայկական ֆուտբոլը հասցրել էին լիարժեք ձախողման։ Դրանից հետո նրանք իրենց թեկնածությունները դնում են ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Ընդ որում՝ նրանցից մեկն ակումբի սեփականատեր է (քաղաքակիրթ երկրներում դա ընդհանրապես արգելված է)։ Երրորդ թեկնածուն՝ Խորեն Հովհաննիսյանը վայելում է երկրպագուների աջակցությունը, բայց քիչ շանսեր ունի, քանի որ Արմեն Մելիքբեկյանն ունի ադմինիստրատիվ ռեսուրսներ և այժմյան ֆեդերացիայի աջակցությունը, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ նախկին ֆեդերացիայի ղեկավարության աջակցությունը։ Ակնհայտ է, որ այս թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի դեպքում իմաստ չունի դրական փոփոխությունների հույսեր ունենալ։ Կամ մենք հետզարգացում կապրենք, կամ կմնանք այն իրավիճակում, ինչ որ հիմա է։
Ինձ համար իսկապես ցավալի է հետևել կատարվող իրադարձություններին։ Մնում է հուսալ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր պատասխանատու կլինեն անբավարար արդյունքների համար, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունները ղեկավար պաշտոններում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Սողոմոնյանը:
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար ՀՖՖ կանոնադրությանը չի համապատասխանում «Փյունիկ» ՖԱ ՀԿ կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: ՀՖՖ Գործկոմի անդամության համար առաջադրվելուն ՀՖՖ կանոնադրությանը չեն համապատասխանում «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ կողմից ներկայացված Հրաչիկ Քանանյանի և «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ կողմից առաջադրված Հարություն Արմենակյանի թեկնածությունները:
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված է 3 (Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան և Խորեն Հովհաննիսյան), իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեում առկա 16 տեղի համար՝ 24 թեկնածություն: