«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` հարցնելով, թե որքան են կազմում ՀՀ պետական բյուջեից Տավուշի մարզպետարանի պահպանման ծախսերը, որքան գումար է կազմում Տավուշի մարզպետարանի աշխատակիցների աշխատավարձի գումարը, ինչքան է 2019 թվականին մարզպետարանի աշխատակիցների պարգեւատրման ֆոնդը:
Մարզպետի պատասխանում նշված է, որ Տավուշի մարզպետարանի ապարատի պահպանման համար 2019թվականի պետական բյուջեից նախատեսված ծախսերը կազմում են 607 միլիոն 852 հազար 9000 դրամ, մարզպետարանի աշխատողների աշխատավարձի ընդհանուր գումարը կազմում է 381 միլիոն 6 հազար 100 դրամ,մարզպետարանի աշխատողների պարգեւատրման գումարը` 78 միլիոն 191 հազար 900 դրամ:
Մարզպետ Հ. Չոբանյանը, պատասխանելով տեղեկատվական հարցմանը, հայտնել է նաեւ, որ Տավուշի մարզպետարանը որոշակի ժամկետով, պայմանագրերով մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնում աշխատանքի է ընդունել 4 փորձագետի, մարզպետարանի տեղեկատավության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում եւ իրավաբանության բաժնում` մեկական փոձագետի: Փորձագետների աշխատավարձի չափի վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, մարզպետը նշել է, որ աշխատավարձի չափը գտնվում է անձնական իրավունքների պաշտպանության հարթությունում եւ առաջարկել է այդ մասին տեղեկատվություն վերցնել իրենցից` փորձագետներից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ