«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է նախաամանորյա զրույցների շարքը հայ աստղերի հետ: Նրանք պատմում են տոնի հետ կապված իրենց ասոցիացիաների, սովորությունների ու նախընտրությունների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Գուրգեն Դաբաղյանն է: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ Ամանորին այս տարի առանձնակի կերպով է սպասում. առաջին անգամ տոնը պետք է դիմավորի սիրելի կնոջ՝ Իննայի հետ:
Հարցին, թե որտեղ են դիմավորելու Նոր տարին, Գուրգենը պատասխանեց. «Այս տարի որոշել ենք Իննայի հետ Փարիզում դիմավորել տոնը»:
Երգիչը նշեց, որ սիրում է Ամանորը եւ ամեն տարի հետաքրքրությամբ է սպասում Նոր տարվա գիշերին: «Ձմեռ պապիկից 2020 թվականի համար անձնական ցանկություններ չունեմ. ուզում եմ մեր երկիրը խաղաղ լինի, զարգանա, բարեկեցիկ լինի, ժողովուրդն ավելի լավ ապրի: Դրանից է կախված ամեն մեկիս լավ լինելը: Եթե երկիրը լավ վիճակում չլինի, որքան էլ մենք հարուստ կամ աղքատ լինենք, անհանգիստ ենք լինելու»,- մեկնաբանեց Գուրգենը:
Հարցին, թե որն է եղել իր կյանքի ամենատպավորիչ Ամանորը, երգիչը պատասխանեց. «Տարիներ առաջ, երբ փոքր էի, Նոր տարին դիմավորեցի Միացյալ Նահանգներում: Այդ տպավորությունները մինչ օրս չեն անցել… Մեկնել էինք համերգների, հետո որոշեցինք մի փոքր էլ մնալ, Ամանորը նշել այնտեղ, նոր վերադառնալ: Առաջին անգամն էր, որ Հայաստանում չէի նշում Նոր տարին: Ասեմ, որ շատ հետաքրքիր ձեւով անցկացրինք տոները: Այնտեղ առանձնակի հաճույքով են նշում Սուրբ ծնունդը: Ու թեեւ հայերի հետ անցկացրինք տոնական օրերը, այնուամենայնիվ, միջավայրն ու մթնոլորտը նոր էին»:
Գուրգենի խոսքով՝ լավ կլինի, եթե Հայաստանում էլ Սուրբ ծնունդը մեծ խանդավառությամբ նշվի, եւ ավելի քիչ ուշադրություն դարձվի տոնական սեղանի պարունակությանը: «Ավելի կարեւոր է հենց սուրբծննդյան արարողությունը, որը կարելի է հետաքրքիր ձեւով նշել: Այդ օրը մեծ խորհուրդ ունի, եւ պետք է շեշտը դնել հենց այդ խորհրդի վրա, ոչ թե խմելու ու բուդ ուտելու վրա: Դա այնքան էլ քաղաքակիրթ ձեւ չէ տոները նշելու համար»,- ընդգծեց երգիչը:
Ամանորյա սեղանի ուտեստներից Գուրգենը նախընտրում է պասուց տոլման եւ ավելուկով, ընկույզով աղցանը: Ասում է՝ առանց այդ էլ մյուս ուտեստները բավական ծանր են, պետք չէ անընդհատ ծանրաբեռնել օրգանիզմը:
Աննա Բաբաջանյան