Ինչպես հայտնի է` այս տարի Երևանում Ամանորի եւ Սուրբ ծննդյան միջոցառումներն անցկացնելու նպատակով հատկացվել է 549 մլն դրամ, որից 271 մլն դրամը ՀՀ պետական բյուջեից, իսկ մնացած մասը համայնքային բյուջեից: Սա այն դեպքում, երբ նախկինում համայնքային բյուջեից ընդամենը 54 մլն էր տրամադրվում:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդարացի է համարում նման մեծ գումարի հատկացումը:
Սակայն ֆինանսների նախարարը հարցով պատասխանեց՝ ինչի՞ հետ համեմատած եք ասում, որ գումարները շատ են: Մեր թղթակցի դիտարկմանը, թե նախորդ տարիների համեմատ, Ջանջուղազյանը նշեց. «Չնայած այսքան ժամանակ ֆինանսներով զբաղվելու հանգամանքին, դժվարանում եմ ֆինանսական միջոցի չափի վերաբերյալ դատողություն անել: Շատ կամ քիչ, դժվար է դատողություն անել, կախված է միջոցառումներից, թե ինչի համար է նախատեսվում այդ գումարը», – նշեց նախարարը:
Նրա խոսքով, չպետք է կենտրոնանալ ֆինանսական միջոցների վրա. «Շատ կարեւոր է, թե ինչ արդյունք ենք ակնկալում, ինչի համար է այս կամ այն միջոցառումն իրականացվում: Պետք է առաջին պլանում բովանդակությունը դնել, ոչ թե ֆինանսական միջոցները»: