Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ԼՕՖԹ» կենտրոն, որտեղ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում է առաջնորդության և հաղորդակցության դասընթաց քաղաքի սկսնակ ձեռներեց կանանց համար։
Դասընթացի կազմակերպիչ, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, ներկայացնելով ծրագիրը, հույս է հայտնել, որ դասընթացներն օգտակար կլինեն և կին ձեռներեցներին հնարավորություն կտան նոր հմտություններ ձեռք բերել ու ավելի զարգացնել իրենց ընկերությունները։
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Իսկապես հավատում եմ, որ հնարավորություններն այսօր մեր երկրում մեծ են: Կարևոր է, որ ինքներդ ձեզ հավատաք, դա շատ էական է»։
Նախագահի խոսքով՝ բազմաթիվ են օրինակները, երբ տարբեր երկրներում հասարակությունները կարողացել են գոյատևել, որովհետև կանայք ավելի պրագմատիկ, ավելի ամուր են եղել և կարողացել են թե՛ իրենց ընտանիքը, թե՛ իրենց համայնքն ու հանրությունը ամուր պահել։ «Խոսվեց կանանց պաշտպանության, ընտանեկան կամ այլ դժվարությունների մասին: Կարծում եմ՝ մենք այդ ամենը կհաղթահարենք, և դրա ճանապարհներից մեկը մեր ազգային արժեքներն են,֊ նշել է նախագահը, ֊քանի որ մեր ազգային արժեքները, մեր ընտանիքներն իրենց խորքում, իրենց արմատներում ունեն այն բոլոր արժեքները, որոնք բերում են ընտանիքի կայունության»։
Նախագահ Սարգսյանը զրուցել է դասընթացի մասնակից ձեռներեց կանանց հետ, պատասխանել նրանց հարցերին, լսել նրանց պատմություններն ու դիտարկումները։ Նա նշել է, որ հայ կանայք նաև առավելություն ունեն, որովհետև ընտանիքները կարող են նրանց նեցուկ լինել իրենց ձեռնարկումներում։ «Գյումրին այսօր կա և ապրում է նաև կանանց շնորհիվ, քանի որ կանայք չհուսահատվեցին ու ամուր մնացին։ Մենք պետք է հնարավորինս աջակցենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարողանա գտնել իր մեջ եղած միգուցե թաքնված տաղանդն ու այն իրացնել։ Վստահ եղեք և առանց վախենալու առաջ գնացեք»,-դիմելով դասընթացի մասնակիցներին՝ ասել է նախագահը։
Նա Ասիական զարգացման բանկին առաջարկել է հիմնել հատուկ հիմնադրամ՝ ֆինանսավորելու կանանց ստարտափները։
Համաձայնելով ներկաներից մեկի այն դիտարկմանը, որ ցանկացած ծրագիր կամ բիզնես իրականացնելու համար ամենակարևոր գործոնները երկրում խաղաղությունը, կայունությունն ու օրենքի գերակայունությունն են՝ նախագահ Սարգսյանը կարևորել է օրենքի գերակայությունն ու պայքարն արատավոր երևույթների դեմ։
Այդ համատեքստում, նա մասնավորապես անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին և նշել, որ պայքարի բազմաթիվ ձևեր կան, սակայն ամենակարևորը նման երևույթների նկատմամբ հասարակության հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, նոր մշակույթի ձևավորումն ու հասարակական անհանդուրժողականությունը։
«Որպեսզի օրգանիզմը պայքարի հիվանդության դեմ, բարձրացնում են նրա իմունիտետը։ Նույն կերպ, որպեսզի պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինի, պետք է ձևավորել հասարակություն, որը մերժում է կոռուպցիան և ունի բարձր դիմադրողականություն նման երևույթների նկատմամբ»,- ասել է նախագահ Սարգսյանը։