Ցանկացած հանդիպում, քննարկում ապահովում է բանակցային խաղաղ գործընթացի շարունակականությունը: Երկու հակամարտ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումները շատ կարևոր են: Անդրադառնալով Բրատիսլավայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Բուն հակամարտության կարգավորման վերաբերյալ արմատական փոփոխության համար դեռ վաղ է»,- ընդգծեց Բաբայանը:
«Ադրբեջանը դեռ չի վերանայել իր հայատյաց քաղաքականությունը, իսկ դա ամենակարևոր մեխերից մեկն է, որպեսզի հակամարտությունն ինչ-որ տեղ առաջ ընթանա, իսկ դա քանի որ չկա, հիմնական շեշտը դրվում է խաղաղության և համերաշխության վրա: Մենք ունենք մեկ ընդհանրական հայրենիք, բայց մեզանից անկախ պատճառներով՝ երկու պետություն, հիմա այս երկու պետության գոյությունը որևէ ձևով չի խարխլում մեր միասնականությունը: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ընդհանուր հայրենիքին, ոչ թե մեկ պետության, իսկ Լավրովի անդրադարձը Ադրբեջանի հիստերիան զսպելու միջոց է»,- ասաց նա:
Հարցին՝ իրեն չի՞ անհանգստացնում այն փաստը, որ հեղափոխությունից անցել է արդեն 1.5 տարի, սակայն դեռևս Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացին որևէ մասնակցություն չի ունեցել, Բաբայանը պատասխանեց.
-Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի Արցախի մասնակցությունը բանակցային սեղանին: Երբ նոր իշխանությունները հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են Արցախի հիմնահարցի բանակցային ձևաչափը վերականգնելու համար, մենք ողջունել ենք և հավելել, որ դա շատ աշխատատար և ժամանակատար գործընթաց է, պետք է զինվենք համբերությամբ, քանի որ դա երկար տարիներ է պահանջելու, բայց այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից՝ մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ մեր աշխատանքները:
-Այսօր որքանո՞վ է ապահովված Արցախի անվատանգությունը, և այս շրջանում հակառակորդի կողմից, որևէ սադրանք սպասո՞ւմ եք , թե՞ ոչ:
-Արցախի անվտանգությունն այսօրվա դրությամբ մինիմալ չափանիշներին համապատասխանում է, դրա համար մենք միշտ ասում ենք՝ մեր անվտանգությունը կարևորագույն բաղադրամասն է: Մեզ համար առաջնայինը անվտանգության խնդիրն է, և այստեղ սահմնաններն են և այլ բազմաթիվ խնդիրներ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Ինչքան ավելի պատրաստ և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այնքան ավելի ամուր կլինենք, և այս բանաձևը բազմիցս ապացուցվել է պրակտիկայում:
Լիդա Եղիազարյան