Որոշ դատավորներ հրաժարվեցին կամավոր լքել պաշտոնը. Վրաստանի փոխվարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգի բարեփոխումների համար չկա որևէ մոդել կամ համակարգ, որը կարելի է կրկնօրինակել։ Դուք, վստահ եմ, կանեք այն, ինչ լավագույնն է ձեր երկրի ապագայի համար։

Այս մասին այսօր Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ժամանակ նշեց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ անդրադառնալով ՀՀ ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու՝ Կառավարության նախաձեռնությանը:

«Վրաստանի դատական համակարգում 1990-ականներից մի շարք բարեփոխումներ արվեցին։ Վրացական Կառավարությունը դա բարեփոխում էր անվանում, դատական համակարգի վերակազմակերպում՝ բոլոր դատավորներին տուն ուղարկելու և նորերով փոխարինելու միջոցով։

Որոշ ժամանակ այս բարեփոխումն արդյունավետ էր, աշխատում էր, որոշ ժամանակ՝ ոչ։ Սակայն դա այդպես էր Վրաստանում, չենք կարող ասել՝ արդյո՞ք Հայաստանում այն կաշխատի։ Վրաստանում Կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել և լքել պաշտոնը։ Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար և կամավոր արեցին դա, մյուսները հրաժարվեցին»,- ասաց Վրաստանի փոխվարչապետը։

«2012-ի նոյեմբերին Արդարադատության նախարարության իմ թիմը պատասխանատու էր դատական համակարգի բարեփոխումների համար։ Հարց էր առաջացել՝ կա՛մ պետք էր նոր և վերակազմակերպված դատական համակարգի անցնել՝ փոխելով դատավորներին, կա՛մ բարեփոխել ոչ թե մարդկանց, այլ օրենքները՝ քաջալերելով մարդկանց հետևել օրենքներին։ 7 տարի առաջ սա դժվար գործընթաց էր։ Վերլուծելով նախկինում մեր ունեցած լավ ու վատ փորձը, դրա ազդեցությունը և արդյունքները՝ ներկայում իշխող կուսակցության նախագահը մեզ խորհուրդ տվեց գնալ երկրորդ ճանապարհով և բարեփոխել կառույցը, պայքարել վատ օրենքների դեմ, այլ ո՛չ մարդկանց։ Կարող եմ ասել, որ սա այնքան էլ տարածված մոտեցում չէ, բայց մենք դժվարություններով արեցինք դա։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Վրաստանում հասարակության 52%-ը կարծում է, թե այս բարեփոխումների արդյունքում արդարադատությունն ավելի անկախ և վստահելի է, թեպետ դեռ դանդաղ է, չափից շատ թանկ արժե և բարեփոխումները դեռ շարունակել է պետք։ Ինձ համար սա լավ արդյունք է»։

 




Լրահոս