Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեծարգո պարոն նախագահ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությունում նշվող եռատոնի՝ Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Եթե մայիսյան եռատոնը ռազմական հաղթանակների ընդհանրացումն է, ապա դեկտեմբերյան եռատոնն այդ հաղթանակների իրավական ձևակերպումն է դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած: Այն վկայում է ինքնիշխան Արցախում անկախ պետականության կայացման և ժողովրդավարության գործընթացների անշրջելիության մասին:
Արցախի անկախության հռչակումը համազգային երազանքի մի մասն էր, Արցախի Սահմանադրության ընդունումը՝ այդ երազանքի իրավական ամրագրումը: Այսօր մեր հավաքական կամքն ունի իրացման այլ ճակատ՝ ազատ ու անկախ Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի հզորացում և բարգավաճում: Այդ ճանապարհը շարունակելու ենք անցնել միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ դա հաջողության և հաղթանակի ուղին է։
Մաղթում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին խաղաղություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում: