Ինչ իրավիճակ էր մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, եւ ինչ է սպասվում դրանից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը` 73 կողմ, 32 դեմ ձայներով: ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ դեմ էին արտահայտվել:

Սրանով, ըստ էության, մի շարք լուրջ փոփոխություններ են սպասվում հարկային համակարգում, որոնք ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից, եւ, ըստ էության, խոսքը էական փոփոխությունների մասին է:

Այսպիսով, ի՞նչ իրավիճակ էր մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, եւ ի՞նչ է սպասվում դրանից հետո: Այս պահին Հայաստանում գործում է 5 հարկման համակարգ`

1. Ինքնազբաղված անձանց հարկման համակարգ,

2. Ընտանեկան ձեռնարկատիրության,

3. Արտոնագրային հարկի,

4. Շրջանառության հարկի,

5.ԱԱՀ-ի հարկման համակարգ:

Սակայն 2020 թվականի հունվարի 1-ից գործելու են միայն հետեւյալ երեքը`

1. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ,

2. Շրջանառության հարկի,

3. ԱԱՀ-ի հարկման համակարգ:

Բացի այդ, ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն․դրամից բարձրացվել եւ վերականգնվել է մինչեւ 2019թ․հունվարի 1-ը գործող 115 մլն․դրամի մակարդակում: Սակայն այս փոփոխությունը գործել է նաեւ 2019 թվականի համար:

Բացի այդ, փոփոխություններ են եղել նաեւ Ինքնազբաղված անձանց եւ Ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի ոլորտում եւ 2020թ․հունվարի 1-ից ներդրվելու է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ՝ իրացման շրջանառության 24 մլն դրամ շեմով: Այսինքն` մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները եւ ընկերությունները կազատվեն հարկերից: Սա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումն էր:

Սակայն միեւնույն ժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն համարվում մասնագիտական ծառայություններ մատուցող անձինք, օրինակ՝ խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական կամ թարգմանչական ծառայություն մատուցողները, Երեւան քաղաքում առեւտրով զբաղվողները, ավտոմեքենայի առեւտրով զբաղվողները, Երեւան քաղաքում հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները: Սակայն դրա հետ մեկտեղ մարզերում հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվողները համարվում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ընդդիմության կողմից ամենաքննարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափին: Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 եւ 36 տոկոս դրույքաչափեր: Այժմյան կարգավորումներով մինչեւ 150․000 ստացողները վճարել են 23 տոկոս, 150․000-2․000․000 աշխատավարձ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 մլն եւ ավելի աշխատավարձ ստացողները՝ 36 տոկոս եկամտահարկ: Սակայն հունվարի 1-ից կիրառվելու է եկամտահարկի համահարթեցում, ինչը նշանակում է, որ այսուհետ բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ։

Սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով էլ կնվազի, եւ 2023 թվականից կգործի 20 տոկոս եկամտահարկ: Դրան զուգահեռ փոփոխություններ են լինելու նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին վճարում է 2.5 տոկոս, իսկ պետությունը` 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականի` 5 տոկոս:

Անդրադառնանք մի քանի այլ փոփոխությունների եւս.

1.Բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը;

2.Շուրջ 20 տոկոսով բարձրացվել են վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը;

3.Բարձրացվել են նաեւ ֆինանսավարկային հատվածում գործող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գրավատներ, արտարժույթի փոխանակման կետեր) կողմից վճարվող պետական տուրքի դրույքաչափերը:

2018 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանվել է խելամիտ հարկային բեռ (վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ)։ Միեւնույն ժամանակ, սահմանվել է, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռք բերելուց 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս