Ուռճացած, ավելորդ հաստիքներ Իջևանի քաղաքապետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հիմնարկությունների հաստիքները ուռճացած են: Այդ աշխատողները աշխատանքի են ընդունվել 2011թվականից Իջեւան քաղաքը ղեկավարած Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամանակ:

Երբ Ղալումյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, որն առնչվում էր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների 2 աշխատակիցիների կողմից տեւական ժամանակ աշխատավայր չներկայանալուն, բայց համայնքի բյուջեից աշխատավարձ ստանալուն, մինչ օրս քննությունը շարունակվում է: 2019թ. սեպտեմբերի 6-ին Վարդան Ղալումյանը հրաժարական տվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Ղալումյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել Հայկ Ղալումյանին այն մասին, թե Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային եւ մարզական հիմնարկներում քանի աշխատակից կա:

Քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանում նշված է. «Ի պատասխան Ձեր 29.11.2019թ. գրության` ներկայացնում ենք Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային եւ մարզական հիմնարկությունների աշխատակիցների ցանկը` Իջեւանի մշակույթի տուն` 20, «Ավանդույթ» ՀՈԱԿ` 42, Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց` 58, «Վերնատուն» պատկերասրահ` 18, արվեստի դպրոց` 18, պատմաերկրագիտական թանգարան` 14, Իջեւանի մարզադպրոց` 20: Հաստիքների մասին տեղեկատվություն կարող եք գտնել Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքում:

Մշակույթի տան աշխատակիցների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ մշակույթի տան տնօրինությունից»:

Իջեւանի համայնքապետարանի ինտերնետային կայքում, ի թիվս համայնքի ավագանու այլ որոշումների, տեղադրված է համայնքի ավագանու կողմից 2018թ. դեկտեմբերի 28-ին ընդունված «Իջեւանի համայնքապետարանի, ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակները եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատման մասին» որոշումը, որով Իջեւանի մշակույթի տանը սահմանված են հետեւյալ հաստիքները`մշակույթի տան տնօրենի, հաշվապահի, 4 մեթոդիստի, գեղմասվարի, նկարչի, նաեւ կեսական դրույքով 2 ռեժիսորների, կես դրույքով գրադարանավարի, կես դրույքով 2 հավաքարարի եւ տնտեսվարի հաստիքները:

Այս պատասխանում ամենաուշագրավը գրադարանավարի գոյությունն է: Ինչո՞ւ. որովհետեւ մշակույթի տանը գրադարան չի գործում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս