ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին կհասնի այն ժամանակ, երբ մարդիկ իրենց ուղեղներում նույնպես կանեն հեղափոխություն. Գնել Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Գնել Սարգսյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, զուգահեռներ անցկացրել նախկին եւ ներկայիս իշխանությունների միջեւ: Գնելը տեսակետ է հայտնել, որ հեղափոխություն եղել է իշխանական շրջանակներում, բայց ոչ մարդկանց մտքերում: Դերասանը նշել է, որ ունենք ընդդիմություն, որը բավական համաչափ է ընթանում նոր քայլող իշխանության հետ:

-Գնե՛լ, դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն էր նախագահ, Դուք մեզ հետ զրույցում ափսոսանք էիք հայտնել, որ չգիտեք Ձեր երկրի ղեկավարի ծննդյան օրը, եւ դա շատ վատ է: Դրանից հետո փոխվեց իշխանությունը, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը նշեցինք ամբողջ ազգով: Արդյոք սա նշանակու՞մ է, որ տեղի է ունեցել արժեքների հեղափոխություն:

-Արժեքների հեղափոխություն, ցավոք, եղել է միայն իշխանական օղակներում, բայց դրան հասարակությունն այնքան էլ պատրաստ չէ՝ բացառությամբ որոշ անհատների ու խմբերի: Բայց, այդուհանդերձ, իհարկե, մեր հանրությունը փորձում է քայլել իրեն առաջարկվող արժեհամակարգին համընթաց:

-Համակարգային փոփոխություններ մեր երկրում նկատու՞մ եք:

-Հանրությունը, սովորաբար, կենցաղային խնդիրներ է բարձրացնում, իսկ կառավարությունը խորքային, արմատական խնդիրների է անդրադառնում: Անգամ պարոն Փաշինյանը մինչեւ 2050 թվականի ծրագիր առաջ բերեց, ու դա հանրության շրջանում հարցականներ առաջ բերեց, ասում էին՝ ինչու այսօրվանից չի խոսում: Բայց չէ՞ որ էական է, թե ապագայում մեր զավակներին ինչ է սպասվում: Ես 40 տարեկան եմ եւ նախորդ իշխանությունների օրոք 20 տարի զբաղված եմ եղել ոչնչով:

Վերջին 20 տարիներն իզուր են անցել:Բայց ես ուրախ եմ, որ իմ զավակին հանգիստ կարող եմ ասել. «Սովորի՛ր, որպեսզի մարդ դառնաս»: Նախորդ 20 տարիներին դա չէր գործում: Ըստ իս` հեղափոխությունը չի ավարտվել, այն շարունակական գործընթաց է, դեռ երկար է տեւելու: Հեղափոխությունն իր վերջին հանգրվանին կհասնի այն ժամանակ, երբ մարդիկ իրենց մտքում կանեն հեղափոխություն:

-Այս իշխանության հիմնական խոստումներից մեկը կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարն է: Բայց, արի ու տես, հենց այս իշխանության ներկայացուցիչը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով…

-Սա ցավալի է… Ցավում եմ՝ որպես հայ մարդ: Ի՞նչ է նշանակում լինել հեղափոխական, գտնվել ԿԳՄՍ-ում ու թաթախվել նման գործերի մեջ: Դա այն կառույցն է, որը պետք է սրբություն սրբոց լինի: Անհրաժեշտ են վիրահատական պրոցեսներ, նշանակություն չունի՝ կոռուպցիոներն ով է:

-Քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին ակնհայտորեն թիրախավորված է հանրության եւ ընդդիմության կողմից: Դուք ի՞նչ կարծիք ունեք նրա գործունեության մասին:

-Նրա աշխատանքը 5 բալանոց սանդղակով կնշանակեմ 5: Ես ապրում եմ Հարավարեւմտյան թաղամասում` 9 հարկանի շենքում: Մեր մուտքում, երբ դեռ մանուկ էինք, նկարել էինք պատերին: Երկար տարիներ այդ պատկերները կային պատերին, եւ միայն վերջերս մեր շքամուտքում տեղի ունեցան վերանորոգման աշխատանքներ: Սա` զուտ կենցաղային մասով փոքրիկ օրինակ: Ես վստահ եմ, որ մետրոյի նոր կայարան էլ կստեղծվի… Մյուս խնդիրներն էլ կկարգավորվեն:

-Մենք այսօր ուժեղ ընդդիմություն ունե՞նք:

-Մի կողմ դնենք քոչարյանական եւ սերժական թեւը, ես նրանց քաղաքական ընդդիմություն չեմ համարում: Երեւի դասական ընդդիմադիրները վիրավորանք կհամարեն դա, եթե նրանց ընդդիմություն համարեմ: Մեր ընդդիմությունը բավական համաչափ է ընթանում նոր քայլող իշխանության հետ: Կան նաեւ արտախորհրդարանական խմբեր, որոնք էլի դասական մոտեցումներ ունեն, հարգում են իշխանությանը, բայց նշում են թերությունները: Դա հենց այն ընդդիմությունն է, որի մասին նույնպես երազում եմ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս