ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Ավան Աճառյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել 2.292.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդեր, 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ ընդհանուր առմամբ պատճառելով 3.000.000 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Դեպքի առթիվ 01.08.2019թ.-ին ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրին հարակից խաչմերուկում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը կամ անձինք:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին (անձանց), կամ որևէ տեղեկություն ունեն նրա(նրանց) ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: