Դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երեւանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երեւանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց եւ անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահից անկախ պատգամավորը որոշել է ակտիվանալ, թիմակիցներ հավաքել եւ սկսել կուսակցաշինական աշխատանքներ: Նա հավաքին մասնակցելու համար հրավեր է ուղարկել տարբեր քաղաքական-հասարակական ներկայացուցիչների:

Դեկտեմբերի 14-ին սպասվող հավաքն առաջին քայլն է նոր կուսակցություն ստեղծելու: Ըստ էության, պատգամավորն ակտիվացնում է նաեւ արտախորհրդարանական կյանքը եւ փորձում քաղաքական ասպարեզ բերել նաեւ խորհրդարանում չընդգրկված անհատների կամ ուժերի, որոնք, սակայն, որեւէ կապ չպետք է ունենան նախկին իշխանությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չհերքեց այդ օրը հավաք անցկացնելու փաստը, սակայն ընդգծեց, թե այն կապ չունի կուսակցաշինության հետ, ապա մանրամասնեց. «Մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը»: Դիտարկմանը` կուսակցակաշինության առումով ինչ է արվում, նա ընդգծեց. «Իմ` կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետեւ չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել: Հաջորդ տարի առանձին նախաձեռնությամբ հանդես կգամ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս