Վարչապետի վերջնագիրը. նուրբ սահման․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի առաջին իսկ րոպեներից ներում չի լինելու ՀԴՄ կտրոն չխփողների համար՝ անկախ, թե ինչ մեծությամբ առևտրային գործունեություն ծավալող սուբյեկտի մասին է խոսքը: Ըստ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոն չխփելը դիտարկվելու է զինվորից գողություն, և վերաբերմունքն էլ լինելու է համարժեք: Ինչ խոսք, ՀԴՄ կտրոնի տրամադրումը կարևորագույն խնդիր է Հայաստանում ստվերի դեմ պայքարի, այդ թվում՝ խոշոր ստվերի դեմ պայքարի համատեքստում: Մյուս կողմից, այդ հարցը Հայաստանում տարիներ շարունակ եղել է «դիլեմաներից» մեկը, երբ նախկին իշխանությունը պարբերաբար փորձում էր ՀԴՄ կտրոնի միջոցով փաստաթղթային դաշտ բերել նաև խոշորներին, իսկ ՀԴՄ կտրոն խփող առևտրային սուբյեկտները դժգոհում էին վարչարարական ճնշումից և պահանջում էին սկսել խոշորներից: Սակայն այդ խնդիրները առաջանում էին առաջին հերթին իշխանության լեգիտիմության բացակայությունից:

Նիկոլ Փաշինյանին կոշտ մոտեցման մասին հայտարարելու հիմք տալիս է լեգիտիմությունը, և սա էական հանգամանք է, թեև անկասկած է, որ լինելու են դժգոհ սուբյեկտներ և այդ հարցը խաղարկողներ: Սակայն խնդիրը այստեղ այն է, թե արդյոք այդ անզիջում ու կոշտ հանգամանքը չի բերելու նրան, որ առաջանալու է որոշակի անվստահություն վարչապետի և փոքր ու միջին ձեռնարկատերերի միջև: Որովհետև կա նուրբ մի հարց՝ հարկային վարչարարություն իրականացնողների հարցը, որոնք կարող են զանազան, այսպես ասած, կեղտոտ հնարքներով՝ իսկ դրանց նրանք տիրապետում են նախկինից, փաստի առաջ կանգնեցնել տնտեսվարողներին, որոնք, չպետք է մոռանալ՝ մարդ են, ոչ թե ռոբոտ, մեքենա, ծրագիր, որ աշխատեն անշեղ ու ավտոմատացված:

Կա՞ երաշխիք, որ չի լինի այդ երևույթը, և վարչարարություն իրականացնող կառույցը վարչապետի կամքն ու լեգիտիմությունը, այսպես ասած, էժան ձևով չի «մանրի» տնտեսվարողների հետ իր հարաբերություններում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս