Հավաքում որոշելու ենք թաղել ռևանշի փորձ անողներին. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է ունենալու Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Ըստ մեր տեղեկությունների` Ա. Բաբաջանյանը նպատակ ունի թիմակիցներ հավաքել, որպեսզի առաջիկայում սկսի իր ակտիվ կուսակցաշինական աշխատանքները: Հավաքին, մեր տեղեկություններով, տարբեր քաղաքական-հասարակական ներկայացուցիչներ են լինելու, որտեղ, կարելի է ասել, գործունեության պլան են մշակելու: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արման Բաբաջանյանից պարզել, թե ինչ հավաքի մասին է խոսքը:

-Շաբաթ օրը լինելու է քաղաքական հավաք, որին մենք հրավիրել ենք մասնակցելու նախկին իշխանության հետ առնչություն չունեցող, ոչ իշխանական բոլոր քաղաքական միավորներին, առանձին գործիչներին, նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, ովքեր իրենց համարում են ապագայի օրակարգի կրողներ եւ այսպես կամ այնպես մասնակցել են հեղափոխությանը եւ համարում են, որ հեղափոխությունը պիտի շարունակվի, եւ այս օրակարգը պետք է անշրջելի դառնա բոլոր պարագաներում: Այստեղ կարեւոր է, որ մեզ միավորում է այդ առանցքային մեկ հարցը, մենք ունենք բազմաթիվ տարաձայնություններ իշխանությունների հետ, մենք ունենք բազմաթիվ անհամաձայնություններ իշխանությունների իրագործած բարեփոխումների, որակի, տեմպի, հեղափոխական լինել-չլինելու: Բայց մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք այստեղ հավաքվում ենք` ցույց տալու համար, որ նախկինները, ովքեր թիրախավորում են եւ անձնավորում են հեղափոխությունը կոնկրետ Նիկոլ Փաշինյանով եւ այլն, մենք ցույց ենք տալիս, որ այդ օրակարգը պաշտպանող հասարակական-քաղաքական լայն շերտ կա, լայն զանգված կա, ու մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը, ամեն կերպ ցույց տալ, որ անցյալը տեղ չունի մեր ներկայում եւ ապագայում, եւ նրանք, ովքեր հույս ունեն ռեւանշի, ուղղակի որոշել ենք այդ հավաքում իրենց թաղել գերեզմանում:

-Այսինքն` հավաքը կուսակցաշինության հետ որեւէ կապ չունի՞:

-Ընդհանրապես առնչություն չունի, իմ կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետեւ չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել, եւ հույս ունեմ, որ հաջորդ ցիկլը քննարկումների կսկսվի արդեն հաջորդ տարի: Եւ ես առանձին նախաձեռնության մասին հանդես կգամ:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս