ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ներկա եղել ռեկտորների հետ հանդիպմանը և ինչ են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ եւ 18 դեմ ձայն:

Հայաստանի բոլոր բուհերը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մի շարք առաջարկներ, դիտողություններ են ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի շուրջ: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարի եւ ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տեւել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսը պասիվ են եղել եւ չեն փորձել առարկություններ անել: Այդպես նրանք փորձել են նախարարին ցույց տալ, որ իր կողքին են եւ դեմ չեն բերած նախագծին:

Գագիկ Գալստյանը, որը վերջերս է ազատվել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնից, նշեց, որ ինքը այդ հանդիպմանը ներկա եղել է:

«Քննարկման ժամանակ բոլոր ռեկտորները իրար մեջ ունեին տարաձայնություն. նրանցից մեկը մի հարցին է կողմ, մյուսը պասիվ էր, էն մեկը դեմ էր: Հիմա քանի որ բուհը ղեկավարելու իմ ժամկետը լրացել է, հրաժարական եմ տվել, այս պատճառով հետագայի մասին չեմ կարող ասել: Բայց այդ նախագծում կետ կա` կառավարման եւ հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման հետ կապված: Կառավարման խորհուրդը պարտադիր պետք է կազմված լինի 12 անդամից, իսկ գործող օրենքը սահմանում էր միայն համամասնությունը, կազմի քանակը որոշում էր բուհի կանոնադրությունը՝ առնվազն 20 հոգի: Կրճատվում է, դառնում 12: Մենք տեսանք, որ պետական մարմնի բաժնեմասը շատ էր, իսկ մենք ասում էինք` այդպես չի կարելի, հարկավոր է համալսարանի եւ ուսանողի բաժնեմասը հավասարեցնել: Սա պրիմիտիվ հարց է: Թեկուզ պետության բաժնեմասը շատ լինի, իրար չեն խանգարի, բայց ցանկալի է լինել հավասար: Նոր նախագծում վարչական աշխատողների խոսվում էր տարիքային սահմանափակման մասին: Մենք գտնում ենք` դա նորմալ է, բայց դրա համար մի քանի տարի ժամանակ է պետք»,- նկատեց Գալստյանը:

Նրա խոսքերով` հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ նախարարի տեղակալները, իրավաբաններ: «Քննարկումը տեւել է 6 ժամ՝ առանց ընդմիջման: Շատ գործունյա հանդիպում էր: Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ: Այդ քննարկմանը նախարարության ներկայացուցիչները ռեկտորների բարձրաձայնած բոլոր դիտողությունները, առաջարկները իրենց մոտ գրի են առել: Տեսեք, արվեստի բուհերի մոտեցումը բոլոր խնդիրների դեպքում տարբեր է, մի քիչ ուրիշ է, հումանիտարներինը այլ է: Քանի հատ բուհ կա, մեկի համար ընդունելի է, մյուսի համար՝ ոչ: Ամեն մեկս ձգտում է հարմարեցնել իրեն: Հանրային լսումները պետք է ավարտվեն, եւ հետագայում խորհրդարանը, տեսնենք, ինչ որոշում կկայացնի»,- լրացրեց մեր զրուցակիցը:

Իսկ, ահա, Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ մի քանի անգամ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում նախագիծը փոփոխվել է, եւ ռեկտորների կողմից բարձրաձայնված որոշ դրույթներ արդեն փոփոխվել են:

«Այնքան փոփոխություն է եղել, որակապես է փոխվել: Տարատեսակ առաջարկներ են եղել: Դա անընդհատ գործընթաց է: Օրինակ, մենք առաջարկել ենք սկզբունքները, նպատակները, խնդիրները տարանջատել, հստակեցնել: «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում կան սկզբունքներ, նպատակներ, խնդիրներ, որոնք տարանջատման կարիք ունեն, սկզբունքը նպատակից պետք է տարանջատվի, խնդիրը` սկզբունքից: Դա փոփոխության է ենթարկվել»,- փոխանցեց տիկին Հակոբյանը:

Մյուս կողմից` ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի կարծիքով` առարկելի է օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթը, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:

Մայր բուհի համար առարկելի է նաեւ նախագծի հոդված 19-ի 2-րդ կետը: Փաստորեն, ըստ այդ դրույթի` դասախոսները եւ գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ` ներառյալ ակադեմիական, գիտական, գիտատեխնիկական ընկերություններ, միություններ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ: Բայց ստացվում է, որ վերջում դրվում են սահմանափակումներ, որոնք խախտում են մարդու սահմանադրական իրավունքները: «Օրինակ՝ մենք կարող ենք հավաքվել եւ ստեղծել շրջանավարտների միավորում` հավաքվելու եւ զրուցելու: Ստացվում է, որ չի՞ կարելի»,- այս մասին գիտխորհրդի նիստին հայտարարել է Գեղամ Գեւորգյանը՝ առաջարկելով հանել այդ կետը:

Բացի այս, պարզվում է, որ ԵՊՀ-ն խնդիր տեսնում է նաեւ նախագծի հոդված 30-ի 4-րդ կետի հետ կապված. «Ո՞վ է գիտական խորհրդի նախագահը: Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք, բացի ռեկտորից, պրոռեկտորներից, վարչական աշխատողներից: Այդ կետով սահմանվում է, որ բուհի ռեկտորը եւ բուհում վարչական պաշտոն զբաղեցնող (կամ ռեկտորի կողմից ակադեմիական խորհրդում նշանակված) անձը չեն կարող ընտրվել ակադեմիական խորհրդի նախագահ: Սա ոչ մի լավ բան չի բերի բուհին: Առաջարկում եմ` նշվի, որ գիտական խորհրդի նախագահը ռեկտորն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայր բուհն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծի հոդված 31-ի 8-րդ կետում, որով սահմանվում է, որ բուհի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) եւ դեկանները նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) կողմից, եւ նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց ԵՊՀ-ն առաջարկում է այս ցանկից հանել դեկաններին, քանի որ նրանք նշանակովի լինել չեն կարող:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւս արձագանքել է նախագծին եւ առաջարկել. «Մշակել նոր ռազմավարություն, նրանում ներառել հայագիտական կրթության շարունակականությունը` սկսած նախակրթարանից մինչեւ բակալավրիատ եւ մագիստրատուրա: Ձեռնամուխ լինել նոր պահանջներին համապատասխան դասագրքերի եւ մեթոդաբանական նյութերի մշակմանն ու հրատարակմանը: Ավագ դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում սահմանել հայագիտության ծրագրի դասակարգված /ըստ մասնագիտությունների/ պարտադիր ուսուցման բաղադրիչներ: Հանրային քննարկուների արդյունքում ձեռք բերված մասնագիտական համաձայնությունը ամրագրել օրենքում»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս