
Բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Մինչ այդ նշենք, որ այս թեմայով անցկացվել էին նաեւ խորհրդարանական լսումներ, եւ այդ գործընթացից տուժած քաղաքացիները հենց ԱԺ ամբիոնից էին բարձրաձայնում իրենց խնդիրների մասին:
Այսպիսով, երկշաբաթյա ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պետք է հրավիրի այդ միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ արդեն երկամսյա ընթացքում պետք է ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի կազմում են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւ այլք: